Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Երջանիկ ընտանիք՝ երջանիկ ու բարեկեցիկ երկիր. ստորագրվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը նպաստող հուշագիր

Երջանիկ ընտանիք՝ երջանիկ ու բարեկեցիկ երկիր. ստորագրվել է ընտանիքում 
բռնության կանխարգելմանը նպաստող հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ միջև ստորագրվեց եռակողմ հուշագիր:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրվել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման նպատակով կարողությունների զարգացման և կենտրոնների մեթոդական աջակցության ապահովման համար:

«Մենք հավատում ենք, որ հայ ընտանիքների լավագույն ավանդույթները հիմնված են սիրո, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Մեր խնդիրն է օգնել դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին՝ հաղթահարելու բռնության չարիքը և խրախուսելու ընտանիքներին՝ ապրել երջանիկ և համերաշխ մթնոլորտում: Հայաստանի երջանիկ ընտանիքներն այն հիմքն են, որ կօգնեն մեզ իրագործել երջանիկ և բարեկեցիկ երկիր ունենալու մեր տեսլականը»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը, մասնավորապես՝ օրենքով սահմանված աջակցման կենտրոնների ստեղծմանը և դրանց կարողությունների զարգացմանը:

2020 թվականին հանրապետության բոլոր մարզերում նախատեսվում է ստեղծել ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, որոնց գործունեության ապահովումը կպատվիրակվի հասարակական կազմակերպություններին: Ստեղծվելու է նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարան: Սրանք կլինեն պետական աջակցություն ստացող առաջին ապաստարանները Հայաստանում:

Ստորագրված հուշագրի շրջանակներում այս 6 կենտրոնների դասապատրաստողների վերապատրաստման համար անհրաժեշտ՝ 7 մլն 260.000 ՀՀ դրամի չափով գումարը  կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Գումարը ներառում է վերապատրաստողների աշխատավարձը և վերապատրաստման կազմակերպման հետ կապված ծախսերը, ներառյալ՝ վերապատրաստվողների կացության և ճանապարհածախսը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը շեշտեց, որ Հայաստանում ընտանեկան բռնությունն ու ընդհանրապես բռնությունը պետք է բացառել:

«Մենք պետք է փորձենք բոլոր հարցերին փոխադարձ հարգանքի ու սիրո մթնոլորտում լուծում տալ»,- նշեց Արշամյանը:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Մաթոսյանը հույս հայտնեց, որ իրենց այս քայլով մեծ արդյունքների կհասնեն:

ՀՀ կառավարությունն արդեն սահմանել է ընտանեկան բռնության զոհերի ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, բացի այդ՝ Կառավարության որոշմամբ ընտանեկան բռնության ենթարկված անձինք առաջին անգամ կստանան նաև դրամական աջակցություն, որն ուղղված կլինի նրանց հրատապ խնդիրների լուծմանը, օրինակ՝ բնակտարածքի վարձակալությանը, առողջապահական ծառայությունների համար վճարմանը և այլն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]