Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ստեղծագործական թոհուբոհ, շրջագայություններ. Համազգային թատրոնը հանդես է գալիս նոր ներկայացմամբ

 Ստեղծագործական թոհուբոհ, շրջագայություններ. Համազգային թատրոնը հանդես է 
գալիս նոր ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք պրեմիերա, հյուրախաղեր, բուռն ստեղծագործական կյանք. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը այսպես ներկայացրեց վերջին հինգ ամսվա աշխատանքը, երբ նա ժամանակավոր պաշտոնակատար էր: Նա արդեն թատրոնի տնօրենն է և «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադառնում է արված ծրագրերին և առաջիկա անելիքներին:

«Ստեղծագործական առումով բավական հագեցած ժամանակաշրջան էր: Հանդիսատեսին ներկայացրեցինք նոր ներկայացումներ՝ «Հաղթանակի գենեզիս»-ը, որը մեծ հաջողություն ունեցավ և սիրվեց թատերասերների կողմից: Ներկայացրեցինք «Ճշմարտություն»-ը, որը բեմադրեց Դավիթ Հակոբյանը: Շատ հետաքրքիր կատակերգություն է, որը միշտ ուղեկցվում է լեփ-լեցուն դահլիճով: Այնուհետև բեմադրվեց «Մինուս երկու» ներկայացումը»,-ասաց Արման Նավասարդյանը:

Թատրոնն այս ընթացքում հանդես է եկել նոր նախաձեռնություններով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն առանձնացրեց ժամանակակից պիեսների թատերայնացված ընթերցանությունը:

«Քանի որ տաղանդավոր դերասաններ են կարդում, հետևաբար այն պարզապես ընթերցանություն չէ, այդ զգացմունքները փոխանցվում են հանդիսատեսին: Շատ հետաքրքիր մոտեցում է, արձագանքները միայն դրական են: Առջևում ևս ունենք նման ձևաչափով հանդիպումներ, ընտրել ենք և՛ հայ, և՛ ֆրանսիացի հեղինակներին: Հաջորդ տարի անդրադարձ կլինի ամերիկյան պիեսներին: Ժամանակին հիշում էինք այն մասին, որ Համազգային թատրոնի նկատմամբ եղած հետաքրքրությունը դառնա ստեղծագործական, ինչն այսօր տեսնում ենք և շատ հաճելի է»,-ասաց Նարինե Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ այսօր ստեղծագործական թոհուբոհն է հետաքրքրում հանդիսատեսին:

Նոր ներկայացումներից զատ թատրոնն այս ընթացքում հասցրել է հյուրախաղերով լինել Լիբանանում, Ռուսաստանում: Արման Նավասարդյանը նշեց, որ իրենց շրջագայություններն արդյունավետ էին, բավական առաջարկներ են ստացել: Առաջիկայում թատրոնը Մոսկվայում կմասնակցի «Վերածնունդ» փառատոնին, նաև կբացի Լիտվայում օգոստոսին կայանալիք փառատոնը: Թատրոնն իր առջև նպատակ է դրել ներկայացումները հետաքրքիր դարձնել արտաքին լսարանի համար ևս:

Հուլիսի վերջին Համազգային թատրոնը հանդես կգա պրեմիերայով: Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ բեմադրում են Հովհաննես Թումանյանի 150 և Սոս Սարգսյանի 90-ամյակին նվիրված ներկայացում: Ընտրվել է Թումանյանի «Լոռեցի Սաքո» ստեղծագործությունը, որի բեմադրող ռեժիսորն է Նարինե Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ տեքստն ընդհանրապես չի փոխվելու, պարզապես նոր շնչով է ներկայացվելու, նոր շեշտադրումներով:

Հուլիսի վերջին կլինի ևս մեկ նոր նախաձեռնություն, այն կոչվում է «Ջազը թատրոնում»: Կկայանա ջազային համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին: Համերգը կլրացնեն թատրոնի դերասանները:

Թատրոնն ունի մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու ծրագիր:Արման Նավասարդյանը նշեց, որ պատրաստվում են բեմադրությունները ներկայացնել Տավուշի խոշոր քաղաքներում, Շիրակի մարզում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am