Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է ԱԺ` Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է ԱԺ` Բարձրագույն 
դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար դիմել է Ազգային ժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Դանիելյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար: 
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում»,- գրել է Դանիելյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավոր անդամներն են: Անդամների ընտրության կարգը սահմանում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածը: Քանի որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարվել է ոչ միայն ԲԴԽ նախագահի, այլև ԲԴԽ անդամի պաշտոնից, հետևաբար մինչև կառույցի նախագահի ընտրությանն անցնելը նախ պետք է լրացնել անդամի թափուր պաշտոնը:

ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի երրորդ կետով` Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ԲԴԽ անդամ կարող է ընտրել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները»:

Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ