Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքում. Փաշինյանն ընդունել է կառույցի գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքում. Փաշինյանն ընդունել 
է կառույցի գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը: 

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ ընդունելության և Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համար: Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ  աշխատանքը՝ գործուն օրակարգի ձևավորման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ: 

Ստանիսլավ Զասը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թ. հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը և կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը: 

Նա նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am