Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Ստրասբուրգում կայացել է «Հայկական հեղափոխության ժամանակագրությունը» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը մայիսի 23-ին Ստրասբուրգում կազմակերպել է Ֆրանսիայում բնակվող հեղինակ, լրագրող, Հայաստանի թավշյա հեղափոխության ականատես Սեդա Մավյանի «Հայկական հեղափոխության ժամանակագրությունը» (Chronique de la révolution arménienne) ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Իր ելույթում նա Սեդա Մավյանի գիրքը համեմատեց հանրագիտարանի հետ՝ նշելով, որ այն կարող է ծառայել որպես նախորդ տարվա իրադարձությունների վերաբերյալ հետագա աշխատությունների, հոդվածների համար ժամանակագրական ամփոփ աղբյուր, քանի որ ներկայումս այն եզակի է իր տեսակի մեջ։

Սեդա Մավյանը, ներկայացնելով իր գիրքը, անդրադարձավ դրա ստեղծմանը, հեղափոխության ընթացքում շրջադարձային հանգրվաններին։ Նա նշեց, որ անգամ իր համար է հայկական հեղափոխության ֆենոմենի հանդեպ արտերկրում առկա հետաքրքրությունը տեսնելն անակնկալ եղել։ Հետևեց հարց ու պատասխան։

Շնորհանդեսի ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցչության անունից տրվեց ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի, ներառյալ՝ ԵԽԽՎ պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Տեղեկանք. Հեղինակ և գրող Սեդա Մավյանը Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի, ինչպես նաև՝ Փարիզի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պատմության բաժնի շրջանավարտ է։ Ֆրանսիայում լույս տեսնող հայկական «Nouvelles d’Arménie» ամսագրի երևանյան թղթակից է, մասնավորապես՝ քաղաքականության, մշակույթի և պատմության հարցերով»,- նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ