Մերկելը եւ Զելենսկին պայմանավորվեցին պահպանել «նորմանդական ձեւաչափը»
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստել են շահագրգռությունը «նորմանդական ձեւաչափով» սերտ համագործակցության շարունակման հարցում: Նրանք այդ եւ այլ հարցեր են քննարկել մայիսի 24-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչի մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մերկելը եւ Զելենսկին նաեւ ընդգծել են «Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը», հավելել Է նա: Նրանք պայմանավորվել են աշխատանքային սերտ շփում պահպանել: Կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի ներքաղաքական հարցերը եւ երկրի արեւելքի իրադրությունը, ինչպես նաեւ Կիեւի եւ Բեռլինի երկկողմ համագործակցությունը:
Պաշտոնակալության արարողությունից առաջ Զելենսկին խոստացել Է, որ կշարունակի բանակցությունները «նորմանդական» եւ Մինսկի ձեւաչափով: Ընդսմին նա կարծիք Է հայտնել, որ Մինսկի ձեւաչափում հարկավոր Է նորացնել կադրային կազմը եւ կատարել վերաբեռնում: Մայիսի 3-ին այդ պլանները հաստատել Է Զելենսկու խորհրդական Ալեքսանդր Դանիլյուկը: Ընտրություններից առաջ Զելենսկու թիմում նախատեսում Էին «նորմանդական ձեւաչափում» ներգրավել ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային:
Դոնբասի ճգնաժամի կարգավորման համար բանակցությունների «նորմանդական ձեւաչափը» ստեղծվել Է 2014 թվականի ամռանը: Դրանում ընդգրկվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Մինսկի ձեւաչափը ենթադրում Է Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի եւ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների բանակցություններ: Դրանք Մինսկում անցկացվում են 2014 թվականի սեպտեմբերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում