Հասարակական

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժինը վերազինվել է անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները:

«Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցությունների համաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում»,-նշեց նա:

Հաջորդ նախագիծն ըստ նախարարի, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի ներդրումն է։ «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում