Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թե ինչպես Թումանյանը փրկեց մեր դպրոցը փակվելուց

  Թե ինչպես Թումանյանը փրկեց մեր դպրոցը փակվելուց

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի ժամանակ Թբիլիսիում հայկական դպրոցների թիվն անցնում էր մի քանի տասնյակից։ Դա ինձ ասել է հայրս, ով մինչև Հայրենական պատերազմը քաղաքի հայկական դպրոցներից մեկի տնօրենն էր, ապա երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել հայկական դպրոցներում։ Հետզհետե այդ թիվը նկատելիորեն պակասեց։ Դա մի քանի պատճառ ուներ։ Նախ, քաղաքում վերացան հայկական մանկապարտեզները, որտեղ նախադպրոցական կրթություն էին ստանում ապագա առաջին դասարանցիները: Բացի դրանից, հայկական դպրոցների փակման գործում մեղքի իրենց բաժինն ունեին թիֆլիսաբնակ հայ մտավորականները, ովքեր, գրեթե առանց բացառության, իրենց երեխաներին տալիս էին ռուսական դպրոց։ Դրա վառ օրինակը մեր շենքն է։ Ես ծնվել և մեծացել եմ նախկին «Հայարտան» շենքում, որտեղ մշակութային այդ օջախը փակվելուց հետո բնակարաններ էին  ստացել երեք հայ գրող, մեկ նկարիչ, հայկական թերթի խմբագիրը, հայկական թատրոնի տնօրենը, այդ թատրոնի երկու դերասանուհիներ, նախկին «Հայարտան» տնօրենը։ Նրանք, ընդհանուր առմամբ, ունեին 20 երեխա, որոնցից 14-ը ռուսական դպրոց էին գնում։ Բացառություն էր կազմում հայրս՝ գրող Կորյուն Ազրոյանն, ում վեց տղաները հայկական դպրոցի սաներ էին։

Այսքանը իմիջիայլոց…

Մի անգամ հայրս է հայկական դպրոցներից մեկը փրկել փակվելուց, երբ քաղաքի հայ  մտավորականները նամակ էին գրել Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վասիլի Մժավանաձին, խնդրելով չփակել հերթական հայկական  դպրոցը։ Այդ նամակի հեղինակներին Վրաստանի ղեկավարը հրավիրում է կենտկոմ այդ հարցը քննարկելու։ Սակայն հանդիպման ընթացքում  ներկաներից ոչ մեկ չի խոսում։ Նրանք, կարծես,  բերանները ջուր առած լսում էին կոմկուսի քարտուղարներից մեկի ճամարտակություններն առ այն, որ այդ դպրոցի փակումը չի կարող խաթարել հայերի և վրացիների դարավոր բարեկամությունը։ Երբ Վրաստանի ղեկավարն ուզում է ամփոփել հարցը,  ձայն է խնդրում  հայրս՝ գրող-հրապարակախոս Կորյուն Ազրոյանը, ով, ի դեպ, դպրոցահասակ երեխա չուներ և անձամբ ճանաչում էր Վրաստանի ղեկավարին։ Նա դիմում Մժավանաձեին, խնդրելով չփակել այդ դպրոցը, քանզի մի քանի տարի անց  այն ինքն իրեն կփակվի։

-Կորյուն, սիրելիս, ի՜՞նչու եք այդքան համոզված, որ այդ դպրոցը ինքն իրեն կփակվի։

-Խաչը իմն է, զորությունը ես գիտեմ,- իրեն հատուկ հումորով պատասխանում է հայրս։  Ձեր հարցի պատասխանը տվել են իրենք՝ այս հավաքի մասնակիցները։ Ապա հարցրեք ներկաներին, այդ թվում նաև այն դպրոցի դիրեկտորին, ում ղեկավարած դպրոցը փակվելու է, թե ո՞ր դպրոցում  են սովորում իրենց երեխաները։ Կտեսնեք, որ ներկաներից և ոչ մեկի երեխան հայկական դպրոց չի հաճախում, ոչ էլ հաճախել է։

Ցավալի է, բայց հայրս ճիշտ էր։ Ներկա գտնվող շուրջ երեսուն մտավորականներից  ոչ մեկի երեխան հայկական դպրոցի կողքով չի էլ անցել

Մժավանաձեին ոչինչ չէր մնում, քան չեղարկել դպրոցը փակելու որոշումը։ Ահա այդպես գրող Կորյուն Ազրոյանը ևս մի քանի տարով կյանք տվեց Թբիլիսիի հայկական դպրոցներից մեկին։

Տարիներ անց նման «հերոսական» մի քայլ էլ ես եմ արել։

1969 թվականը հոբելյանական  էր Հայաստանի համար։ ՄԵծ շուքով  նշվելու էին Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի  ծննդյան 100-ամյակները։ Ազգովի  նախապատրաստվում էինք դրանց՜։ Այն տարիներին նման միջոցառումները վերածվում էին ԽՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամության վառ ցույցի։ Մեր դրկից հարևանները՝ վրացիները, չէին ուզում անմասն մնալ մեր ազգային տոնից, հատկապես Հովհաննես Թումանյանի հոբելյանից։ Դե, դա հասկանալի էր. Թումանյանն իր ողջ գիտակցական կյանքն անցկացել էր Թբիլիսիում և մեծ հարգանք է վայելում վրացիների մոտ։ Իսկ ակադեմիկոս բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվալու հոյակապ թարգմանությունների շնորհիվ Թումանյանը վաղուց «խոսում» էր վրացերեն։

Վրաստանի լուսավորության նախարարությունը Թբիլիսիի 34-րդ միջնակարգ դպրոցը անվանակոչել էր  Թումանյանի անունով։ Մենք՝ հայերս, շնորհակալությամբ ընդունեցինք այդ լուրը։ Բայց կար մի նրբություն, որը քչերին էր հայտնի։ Թբիլիսիի  հայկական դպրոցներից մեկին շնորհելով Թումանյանի անունը, նույն լուսավորության նախարարությունը մտադիր էր սեպտեմբերի  1-ից փակել Ավետիք Իսահակյանի անունը կրող դպրոցը, այն դպրոցը, որտեղ կրթություն էի  ստացել նաև ես։  Այդ մասին ասել էին իմ ուսուցիչները, որոնց ես միշտ այցելում էի Թբիլիսիում եղած ժամանակ։ Այդ մասին ուզում էի ասել Հայաստանի լուսավորության նախարար Շավարշ Սիմոնյանին, ով իմ մորաքրոջ ամուսնու մանկության ընկերն էր և հաճախ էր լինում նրանց տանը։ Բայց շուտով ներկայացավ ավելի լավ առիթ, որի մասին երազել անգամ չէի կարող։                                       

1969 թվականի հուլիսին Երևանում տեղի ունեցավ  ԽՍՀՄ դպրոցականների համամիութենական սպարտակիադան։  Ինձ խնդրել էին օգնել Հայկական ԽՍՀ  Մինիստրների խորհրդի  նախագահի տեղակալ  Լարիսա Ստեփանյանին գրելու մի ճառ, որ նա պետք է արտասաներ սպարտակիադայի բացմանը։ Ես սիրով համաձայնեցի  և երեք  օր անընդմեջ  գնում էի կառավարության շենք, որտեղ աշխատում էինք  բացման խոսքի վրա։ Իմ կարծիքով վատ չէր ստացվել։  Համենայնդեպս, սպարտակիադայի բացումից հետո բոլորը շնորհավորում էին Լարիսա Ստեփանյանին։

Սպարտակիադայի բացման արարողությունից հետո  Հայաստանի կառավարությունն ընդունելություն կազմակերպեց  ի պատիվ բարձրաստիճան հյուրերի։ Սպարտակիադայի առիթով Երևան էին ժամանել գրեթե բոլոր միութենական հանրապետությունների լուսավորության նախարարները, մարզական կազմակերպությունների ղեկավարներ տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովը  ու էլի շատ ու շատ անվանի մարդիկ։ Ես որպես «Արմենպրես» գործակալության թղթակից, բախտ ունեցա մասնակցելու այդ ընդունելությանը։

Ճեմասրահում կանգնած զրուցում էի իմ մի քանի  գործընկերների հետ, երբ նկատեցի, որ դեպի ինձ  են գալիս Լարիսա Ստեփանյանը, Հայաստանի լուսավորության  նախարար  Շավարշ Սիմոնյանը և Վրաստանի լուսավորության նախարար Թամարա Լաշքարաշվիլին։ Որոշեցի հենց նրանց ներկայությամբ բարեխոսել Իսահակյանի անվան դպրոցի համար։ Այդ օրը,  երևի, ամենակարող Աստվածն իմ կողմից էր։ Լարիսա Ստեփանյանը, նկատելով ինձ, ինքը հրավիրեց իր մոտ և որպես թիֆլիսեցու ինձ ներկայացրեց Լաշքարաշվիլուն։ Ես ներկայացա և «երեսս պնդացնելով» դիմեցի հյուրին։

-Քալբատոնո Թամարա,ես մի խնդրանք ունեմ, որը, կարծում եմ, այս հանդիսավոր պահին և այսքան հարգարժան մարդկանց ներկայությամբ չեք մերժի։

Տիկին Թամարան անսպասելիորեն լրջացավ և ասաց.

-Ուշադրությամբ լսում եմ Ձեզ։

Եվ ես դիմեցի ոչ թե Վրաստանի լուսավորության նախարարին, այլ բոլորին։

-Ուրախությամբ իմացանք, որ Հովհաննես Թումանյանի հոբելյան կապակցությամբ Թբիլիսիի հայկական դպրոցներից մեկը անվանակոչվել է «Մեծ լոռեցու» անունով։ Դրա համար մենք՝ հայերս,  պիտի  երախտապարտ լինենք Վրաստանի կառավարությանը։Բայց, տիկին Թամարա, միևնույն ժամանակ Թբիլիսիում սեպտեմբեի 1-ից փակվելու է մեկ այլ հայ դասական բանաստեղծ Ավետիք Իսահակյանի անունը կրող դպրոցը։ Դա  քաղաքի ամենահանրահայտ հայկական դպրոցն է, որտեղ սովորել են Վիկտոր Համբարձումյանը, Կովկասում առաջին Խորհրդային Միության հերոս Կարապետ Սիմոնյանը, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և վերջապես՝ Ձեր խոնարհ ծառան, կես լուրջ կես կատակ ասացի ես

-Ախ, եթե դու էլ ես սովորել այդ դպրոցում, հարգելի «մեր խոնարհ ծառա»,ապա իրոք այդ դպրոցը փակելը սրբապղծություն կլինի,- կատակեց Շավարշ Սիմոնյանը և Լարիսա Ստեփանյանի հետ «կալմեջ» արեց Վրաստանի լուսավորության նախարարին։

Ես, համեստորեն մի կողմ քաշված, հետևում էի նրանց խոսակցությանը։ Քիչ անց Լարիսա Ստեփանյանը ինձ նորից կանչեց  և ասաց.

Հենց նոր մենք պայմանավորվեցինք, որ… ավելի լավ է թող ինքն ասի։

-Երիտասարդ, ես շնորհակալ եմ, որ Դուք հուշեցիք ինձ և կանխեցիք մեր սխալը։ Ես խոստանում  եմ, որ  Թբիլիսիում կլինեն թե՜ Հովհաննես Թումանյանի, թե՜ Ավետիք Իսահակյանի անունը կրող դպրոցներ։ Համենայնդեպս, քանի ես նախարար եմ Ձեր դպրոցը չի փակվի։

Ինձ մնում էր շնորհակալություն հայտնել այդ  պատվարժան մարդկանց և հեռանալ։ Այդ օրը ես մի շնչով գրեցի նյութս և շտապեցի տուն, որտեղ ինձ սպասում էին ծնողներս: Հայրս ծանր հիվանդ էր, և նրան բերել էի Երևան վիրահատելու։ Պատմեցի նրան այդ օրվա հանդիպումների ու նաև Թամարա Լաշքարաշվիլու խոստման մասին։ Շատ ուրախացավ։

-Ապրես, տղաս։ Դրանով դու քո երախտագիտությունը հայտնեցիր քո հարազատ դպրոցին, Բայց արդյոք երկար  գոյատևի այն…

Մի երկու ամիս անց, սեպտեմբերի կեսերին, ես Թբիլիսիում էի և սովորությանս համաձայն գնացի իմ «Ալմա-մատերը»։ Ուսուցչանոցում զրուցում էի ուսուցիչներից մի քանիսի հետ, խոսում էինք դեսից-դենից, իմ ժուռնալիստական գործերից, հորս առողջությունից։ Հանկարծ ներս մտավ գրող Մկրտիչ Ասլանյանը գլխով բարևեց ներկաներին և ուղղվեց դիրեկտորի կաբինետ։ Զրուցակիցներս երախտապարտ հայացքով ուղեկցեցին նրան։ Ես զարմացած էի նման վերաբերմունքից։ Գիտեի, որ Մկրտիչ Ասլանյանը «թաց տեղ պարկողը չի», հաստատ   ինչ-որ անձնական հաշիվներ  ունի մեր դպրոցում։

-Լևոն, բա չգիտես, որ մեր դպրոցը փակվելու էր, եթե  չլիներ Ասլանյան,- ինձ դիմեց  հայոց լեզվի ուսուցիչ Ռոզա Միրզոյանը, ով ինձ մանկուց էր ճանաչում, քանզի ես նրա միակ եղբոր՝ Գուրգենի դասընկերն էի։

- Ի՞նչ… ես քիչ էր մնում կաթվածահար լինեի։

-Այո, հենց երեկ նա եղել է նախարարի մոտ, և վերջինս խոստացել  է մեր դպրոցը չփակել։

-Իսկ Գասպարյանն էլ խոստացել է նրա տղային ֆիզիկայի դասեր տալ, իսկ դստերն էլ ընդունել գործավար։ Այո՞,-կատաղությունս հազիվ զսպելով արտաբերեցի ես։

-Դե, առանց դրա չի լինում…

Հենց այդ պահին իր կաբինետից դուրս եկավ  դպրոցի տնօրեն Գասպարյանը։ Նրա կողքին էր Մկրտիչ Ասլանյանը։                

-Սիրելիներս,ահա այս մարդու շնորհիվ մեր դպրոցը կգործի ևս մի քան տարի,-ասաց Գասպարյանը՝ ներկայացնելով Մկրտիչ Ասլանյան-բարերարին, որին բոլորն էլ ճանաչում էին։։ Թբիլիսիում ո՞վ չի ճանաչում «Աշխեն Սաթյան» վեպի հեղինակին։

Հավաքված ուսուցիչները այն է, ուզում էին իրենց երախտագիտությունը հայտնել օրվա հերոսին, երբ ես մոտեցա հավաքվածներին և առաջին հայացքից մի անմեղ հարց տվեցի։

-Ընկեր Գասպարյան, այդ ինչպե՞ս է լինում, որ դպրոցը փակել-չփակելու   որոշումը կայացնում են ուսումնական տարին սկսվելուց 15 օր անց։ Սովորաբար նման որոշում կայացվում է նախքան ուսումնական տարին սկսվելը, նախորդ  ուսումնական տարվա ավարտին։

-Ի՞նչ կա որ, այդպես էլ է լինում։

-Ոչ, մեր դպրոցը չփակելու մասին որոշումը Վրաստանի լուսավորության նախարար Թամարա Լաշքարաշվիլին կայացվել է  երկու ամիս առաջ՝ հուլիսի 18-ին, Երևանում։

Բոլորը շրջվեցին դեպի ինձ և զարմացած նայեցին դեմքիս։

-Դու որտեղի՞ց գիտես,- հարցրեց Գասպարյանը։

-Ասլանյանը  լուռ կանգնած ՝ թունոտ հայացքով ինձ էր նայում։

-Որտեղի՞ց գիտեմ։ Որովհետև այդ ես եմ խնդրել, որ Իսահակյանի անունը կրող դպրոցը Թումանյանի հոբելյանական տարում չփակվի։ Խնդրել եմ Հայաստանի Սովմինի նախագահի տեղակալ Լարիսա Ստեփանյանի և Հայաստանի լուսավորության նախարար Շավարշ Սիմոնյանի ներկայությամբ։ Խնդրել եմ կառավարական ընդունելության ժամանակ, և նա չի կարողացել մերժել այդ հարգարժան մարդանց  խնդրանքը։ Տիկին Լաշքարաշվիլին Երևանում ինձ խոստացավ, որ քանի ինքը նախարար է, Թբիլիսիում կլինեն և՜ Թումանյանի  և՜ Իսահակյանի անունը կրող դպրոցներ։

Այո, այդ ես եմ փրկել իմ հարազատ կրթօջախը փակվելու վտանգից, բայց  ոչ ոք այդ մասին չգիտեր։ Ես դա արել եմ ոչ թե ինչ-որ ազգականիս աշխատանքի տեղավորելու ակնկալիքով, այլ որպես երախտագիտություն  այն դպրոցի կոլեկտիվին, որն ինձ կրթություն է տվել և դաստիարակել իբրև ազնվ քաղաքացի։

Այսքանը։ Ցտեսություն…

Երեկոյան մեր տուն  զանգահարեց Ռոզա Միրզոյանը և պատմեց այն իրարանցման մասին, որ առաջացրել էր իմ այդ հայտարարությունը։

Անցել են տարիներ։ Չկան ոչ  հայրս, ոչ էլ Ասլանյանը։ Փակվել է մեր դպրոցը, ինչպես փակվել են Վրաստանի գրեթե բոլոր հայկական դպրոցները։  Բարեբախտաբար, դպրոցների այդ կոտորածը դեռ չի հասել Ջավախք։ Թբիլիսիում , կարծեմ, մնացել է մեկ հայկական դպրոց՝ 104-րդ միջնակարգ դպրոցը, որ ութսուն տարրի առաջ կառուցվել է ավերված  Վանքի եկեղեցու տեղում։ Մի երկու տարի առաջ եղա այդ դպրոցում, որտեղ և այսօր գտնվում է  «Վրաստան» թերթի խմբագրությունը։ Գնացել էի խմբագր ի ՝ Վան Բայբուրթի մոտ։ Տեղում չէր ։  Որոշեցի գնալ դպրոց, որտեղ  աշխատում էին իմ երկու համակուրսեցի աղջիկներ։ Ուսուցչանոցի դռանը հանդիպեցի մի անծանոթ մանկավարժի։ Նա ինձ դիմեց վրացերեն.

-Վի՞ն գնեբավթ (Ո՞ւմ եք ուզում)

- Ես ինչ-որ շարժումով հասկացրի, որ վրացերեն չեմ հասկանում ( այն էլ ոնց եմ հասկանում…)

-Что Вам угодно?

Բնական է, որ ռուսերեն էլ չէի հասկանում։  Այնժամ այդ տիկինը դիմեց հայերեն.

-Ո՞ւմ եք ուզում…

-Վահ, հայկական դպրոցում հայերեն  էլ  են խոսո՞ւմ …

Այդ պահին միջանցքի ծայրում երևաց Վան Բայբուրթը։ Ինչպես միշտ, մենք ջերմորեն ողջունեցինք միմյանց և գնացինք նրա կաբինետը։

… Այս տարին Հայաստանում հայտարարված է Թումանյանական տարի։  Հիսուն տարի առաջ էլ էր այդպես։ Հենց այն ժամանակ էլ Թբիլիսիում հայկական մի դպրոց անվանակոչվեց Թումանյանի անունով և հոբելյար Հովհաննես Թումանյանը «ձեռքի հետ» փրկեց  Ավետիք Իսահակյանի անունը կրող հայկական  դպրոցը  փակվելուց։    Ցավոք, այսօր Թբիլիսիում գործում է մեկ հայկական դպրոց, որը Թումանյանի անունը չի կրում։ Հուսանք, որ ութսունամյա այդ դպրոցը կգոյատևի մինչև իր հարյուրամյակը, կամ Թումանյանի հաջորդ «կլոր հոբելյանը»   և բարի ավանդույթի համաձայն, այն կանվանակոչվի Թումանյանի անունով։ Հուսանք…

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ

Լևոն Ազրոյան

«Արմենպրես»-ի թղթակից 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am