Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ-ն դեմ է մարդասիրական գործողություններին, որոնք հանգեցնում են ծանր հանցագործությունների անպատժելիության

ՀՀ ԱԳՆ-ն դեմ է մարդասիրական գործողություններին, որոնք հանգեցնում են ծանր 
հանցագործությունների անպատժելիության

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն ծանր հանցագործությունների անպատժելիությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Բաքվի կողմից առաջ քաշված «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին:

«Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Եվ հատկապես այն պարագայում, երբ մենք ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային, մարդասիրական իրավունքի խախտումներին: Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակություններում, ուստի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունն ու մարդու իրավունքների ոլորտում մարդասիրական իրավունքի խախտումները»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը դատապարտեց նաև ծանր հանցագործություններ կատարող մարդկանց հերոսացումը:

«Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների: Դրանց հերոսացումն ու կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է, և մենք ականատես ենք եղել, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն ուղղակի արտահանձնվելուց հետո հերոսացվել է (նկատի ունի Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին-հեղ.) միայն նրա համար, որ նա հայ էր սպանել: Մեր նպատակն է, որ կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում»,- նշեց խոսնակը:

2018թ. նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, ասել էր, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցիները հասարակ քաղաքացիներ չեն, այլ ծանր հանցագործության, այդ թվում`խաղաղ քաղաքացիների սպանության համար մեղադրված հանցագործներ։

Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014թ., Լեռնային Ղարաբաղի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման և սպանության համար։ 

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Գուլիևի և Ասկերովի հետ ԼՂ տարածք ներխուժած ևս մեկ դիվերսանտ` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978թ.), որը դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել էր, 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, որը ձերբակալվել է 2017թ., Թալիշ գյուղի մոտ։ Հուսեյնզադեն պաշտոնական վարկածի համաձայն` ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Ադրբեջանում ՀՀ 3 քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում դատապարտված են երկարատև ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am