Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում նշանավորեցին ՌԴ սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման 95–ամյակը

Գյումրիում նշանավորեցին ՌԴ սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման 95–ամյակը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՅԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ :   Գյումրու Վարդան  Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  մայիսի 20-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ ի նշանավորումն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ 39-րդ  ջոկատի կազմավորման 95-ամյակի: Ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը։ 1921 թվականից ի վեր գործող ջոկատը հնագույններից է ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև՝ ՌԴ սահմանապահ ջոկատների ցանկում: 2015 թվականից ջոկատի հսկողության տակ է գտնվում 10 ուղեկալ և 7 անցակետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շնորհավորելով սահմանապահ 39-րդ  ջոկատի կազմավորման առթիվ ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկին ջոկատի  անձնակազմին փոխանցեց նաև ՌԴ սահմանապահ ուժերի ղեկավարության շնորհավորանքները: «Ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ իրականացվում է պետական սահմանի անվտանգությունն ու պահպանությունը: Դուք ապացուցում եք ձեր նվիրումը հայրենիքին ու զինվորական գործին: Շնորհակալ ենք ձեր բազմավաստակ ծառայության ու զինվորական գործին անխախտ նվիրումի համար՝ մաղթում անկոտրում կամք, լավատեսություն ու առողջություն»,- նշեց գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկին՝ ընդգծելով հայ-թուրքական սահմանի հսկողության կարևորությունը, որն արդեն տարիներ շարունակ իրականացնում է այս ջոկատը:

Լենինականի Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Մաքսիմ Գուստյակը, շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ խոսքերի համար, փաստեց, որ ջոկատի անցած ուղին հեշտ չի  եղել՝ բազում դժվարություններ ու  փորձությունների է հանդիպել, բայց այս ողջ ընթացքում լավագույնս է կատարել իր առջև  դրված խնդիրները:

Օրվա խորհրդով պայմանավորված՝ շնորհավորական խոսքեր հնչեցին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից: Հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայության ու կատարած մեծ աշխատանքի մասին խոսեց միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: «Ես նույնպես իմ  ու  միավորված խմբավորման անունից շնորհավորում եմ ջոկատին այս նշանակալից տոնի  առթիվ: Սահմանապահը պետության վահանն է՝  ցանկացած եղանակի գիշեր ու ցերեկ ձեր  ջոկատը հսկում է սահմանի անվտանգությունը: Ձեր շնորհիվ մեր սահմանին խաղաղություն ու հանգստություն է: Շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, բարեկեցություն հաջողություն՝ ի բարօրություն մեր երկու պետությունների»,-նշեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am