Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները հարգեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 19-ը Պոնտոսի հույների Ցեղասպանության օրն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանությանը զոհ դարձած շուրջ 353 հազար անմեղ զոհերի հիշատակին։

Հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցողների կողմից հնչեց աղոթք, որից հետո Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հոգեհանգստի կարգ իրականացրեց անմեղ զոհերի հիշատակին:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «Ֆեյսբուք»-ի իր էջում դատապարտել է 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը։

 «Այսօր՝մայիսի 19-ին, Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցն է:
Օսմանյան և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը համարվում է նախորդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Մեկ դար առաջ հարյուր հազարավոր հույներ ցեղասպանվեցին իրենց ազգային ու կրոնական պատկանելության համար: Դա հանցագործություն էր մարդկության նկատմամբ:

Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցը դրանց դատապարտումն է:

Պատիվ ունեմ հանդիսանալու Հայաստանի խորհրդարանի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության դատապարտման և ճանաչման նախաձեռնողն ու համահեղինակներից մեկը: Ավելին, պատիվ եմ ունեցել 2015թ. մարտի 24-ին լինելու այդ դատապարտող բանաձևի հիմնական զեկուցողը:

Հպարտ եմ, որ Արցախի խորհրդարանի խմբակցությունները դեռևս 2016-ին Պոնտոսի հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն տարածեցին»,- գրել է Շարմազանովը:

1916-1923 թվականներին Պոնտոսում բնակվող 700 հազար հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճրին զոհ են գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան եւ այլ երկրներ:

Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի  հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել 117 պատգամավոր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են նաև Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ