Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Դատական նիստին Քոչարյանը խոսեց Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող տեսանյութերի վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում խոսեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների կողմից կիրառված ուժի, զինված լինելու մասին փաստող տեսանյութերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քոչարյանի խոսքով` այդ տեսանյութերն իրեն ցույց է տվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը և դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածում։ «Քննչական մարմինը սկզբում կատեգորիկ մերժում էր, որ իրենք այդպիսի բաներ ունեն: Ես մարտի 1-ին կայացած իմ ասուլիսից առաջ կապ եմ հաստատել Գորիկ Հակոբյանի հետ և նրան ասել, որ լրագրողների հետ հանդիպելու եմ, ինձ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում։ Նա ինձ ասաց, որ այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքն ինձ պատմեց, որ մեքենաներից դուրս են գալիս կրակում, նորից հետ են մտնում մեքենան։ Դեպքերից հետո, երբ մամուլում քննադատում էին, որ նման բան չկա, ես պահանջեցի և Հակոբյանն անձամբ բերեց և ցույց տվեց տեսանյութը և մի շարք այլ դրվագներ: Դրանք այսօր ոչ մի տեղ չկան, և ես չգիտեմ, թե դրանք որտեղ են: ԱԱԾ-ում կային բավականին հետաքրքիր նյութեր, թե ինչպես է նռնակը պայթում, ինչի հետևանքով ոստիկանության կապիտանը մահանում է, այդ ամենն այսօր չկա», - նշեց Քոչարյանը: Նրա խոսքով` մի ամբողջ քրեական գործ` 3 հատորով` մարտի 2-ին հանձնված ՀՔԾ-ին, այսօր չկա, այն ուղղակի չի կցվել:

Մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստից քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309000000 ՀՀ դրամին համարժեք 1000000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ