Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել Պրոբացիայի ծառայության խորհրդատվական զեկույցների բարելավման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության կողմից դատարան ներկայացվող խորհրդատվական զեկույցների բովանդակային փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարարի կողմից խնդիր է դրվել համապատասխան իրավական ակտի լրամշակման արդյունքում որակական նոր մակարդակ սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող զեկույցների բովանդակություններում: Այդ համատեքստում քննարկվել են նաև Պրոբացիայի շահառուների համար ռիսկերի ու կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքի ներդրման ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ իրավական ապահովման առաջնահերթությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում