Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռադիոյի օրը վարչապետ Փաշինյանն անակնկալ այցելեց Հանրային ռադիո

 Ռադիոյի օրը վարչապետ Փաշինյանն անակնկալ այցելեց Հանրային ռադիո

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռադիոյի միջազգային օրվա առիթով անակնկալ այցելեց Հայաստանի Հանրային ռադիո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով վարչապետն իր այցը որակեց սիմվոլիկ՝ որպես «վերադարձ Հանրային ռադիո»: «Նախ թույլ տվեք շնորհավորել ռադիոյի աշխատողներին, ռադիոլսողներին օրվա առիթով և մաղթել նրանց հաջողություններ: Հույս ունեմ, որ այս լրատվական նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը: Պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել և հատկապես ունկնդրել եմ ռադիոյի ոսկե ֆոնդի հաղորդումները, և ես հույս ունեմ, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն և Հանրային ռադիոն կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին համապատասխանող լրատվամիջոց: Ես այսօր մասնակցեցի շենքի դռներից մեկի նորոգման արարողությանն ու այն, ինչ ռադիո նախորդ ներխուժման ժամանակ (2018թ. ապրիլի 14-ին «թավշյա հեղափոխության» օրերին Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները մտել էին Հանրային ռադիոյի շենք-խմբ.) չէր հաջողվել՝ հանդես եկա ուղիղ եթերում»,-ասաց նա:

ՀՀ վարչապետը շրջեց շենքով, ապա ուղիղ եթերի տաղավարից վերհիշեց իր նախորդ այցելությունը Հանրային ռադիո: «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և շատ ուրախ եմ, որ այսպիսի պայմաններում եմ այցելել: Ես այն ժամանակ մի քանի անգամ ներողություն եմ խնդրել, բայց այսօր էլ ներողություն եմ խնդրում բոլոր այն աշխատողներից, ովքեր այդ օրվա համար որևէ անհանգստություն են ունեցել: Հույս ունեմ, որ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր և որը կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն, հուսով եմ, որ երկարաժամկետ առումով ևս կարդարացնի»,-հավելեց նա:

Վարչապետն ուղիղ եթերն ավարտեց վերջերս ընտրված Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Արա Շիրինյանի աշխատասենյակում՝ ևս մեկ անգամ հաջողություն մաղթելով ռադիոյի աշխատակիցներին օրվա առիթով:

Մայիսի 7-ը Ռադիոյի միջազգային օրն է: Հենց այս օրը 1895 թվականին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը: 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am