Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում. Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործով դատավորների քայլին գնահատական չի տալիս
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զերծ է մնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերը վարող դատավորների ինքնաբացարկի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում Զեյնալյանը նշեց, որ իր կողմից որևէ դիրքորոշում կարող է հենց ինքնաբացարկի հիմք հանդիսանալ:
«Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում, նաև կա իրավակիրառական պրակտիկա: Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, ապա պարտավոր է հայտնել ինքնաբացարկ: Իսկ, թե ինչպես կգնահատի կարգապահական հանձնաժողովը կամ Արդարադատության նախարարությունն այդ քայլը, դա այլ հարց է: Դրանից հետո, եթե հանկարծ միջնորդություն ներկայացվի Բարձրագույն դատական խորհուրդ, ապա այդ դատական ատյանն է իրավասու տալ դրա գնահատականը: Եվ սխալ կլինի, եթե դրա վերաբերյալ դիրքորոշում ներկայացնի արդարադատության նախարարը կամ այդ օղակում որևէ մեկը»,- ընդգծեց Արդարադատության նախարարը:
Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:
Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:
Հունվարի 14-ին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում