Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեքսիկայի խոշորագույն պարբերականում լույս է տեսել դեսպան Արա Այվազյանի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հոդվածը

Մեքսիկայի խոշորագույն պարբերականում լույս է տեսել դեսպան Արա Այվազյանի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի խոշորագույն El Universal պարբերականում ապրիլի 24-ին  լույս է տեսել ՀՀ դեսպան Արա Այվազյանի «Հիշողություն, արդարություն և հաշտեցում, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ» (Memoria, justicia y reconciliacion. A 104 años del Genocidio Armenio) խորագրով հոդվածը։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ստորև՝ հոդվածի հայերեն թարգմանությունը։

«Վերջերս Մեքսիկայում հետաքրքիր բանավեճ ծավալվեց հիշողության, արդարության և պատմական հաշտեցման վերաբերյալ։ Ընդհանուր համաձայնություն կա, որ Բեռլինի պատի փլուզման և Սառը պատերազմի ավարտի արդյունքում հիշողության քաղաքականությունն աշխարհի տարբեր անկյուններում արձանագրել է կարևոր և հետզհետե աճող նշանակություն։ Ժամանակակից ուսումնասիրությունների պարագայում հատկապես առանցքային ազդեցություն ունեցավ Հոլոքոստը, վերջ դնելով մինչ այդ ընդունված կանոնին, որ պատմությունը գրվում է հաղթողի կողմից։ Այսուհետ հավաքական հիշողության ուսումնասիրություններում տեղի ունեցավ էական փոփոխություն՝ «հաղթողների պատմությանը», կամ Նիցշեի որակմամբ, «մոնումենտալ պատմությանը» եկավ փոխլրացնելու «զոհերի պատմությունը»։ Մեքսիկացի իրավաբան ու պատմաբան Անտոնիո Մարտինես Բաեսի խոսքերով, «անցյալն ապացուցել է, որ այն, ինչ կոչվում էր պատմության դատավճիռ, հաճախ ոչ այլ ինչ էր, քան հաղթողի կարծիք»։

Մասնագետների կարծիքով, հիշողության քաղաքականությունը բաղկացած է ճշմարտության և արդարադատության քաղաքականություններից, կամ այլ կերպ ասած, հիշողության քաղաքականությունն անդրադառնում է հասարակության կողմից անցյալի մեկնաբանման, ներկայումս վերջինիս վերաիմաստավորման ու յուրացման և դրա արդյունքում ապագայի տեսլականի ձևավորման հարցերին։ Հիշողության և դրա արդյունքում ստեղծված հավաքական պատմությունը, հետևաբար, ազգային և պետական կայացման համար կարևորագույն գործիքակազմ են։ Որպես կանոն, քաղաքական վերնախավը մշտապես ձգտում է ուղղորդել հավաքական հիշողության և պատմության ձևավորումը՝ համաձայն իր պաշտոնական դիսկուրսի և քաղաքականության, ամրագրելով այն հիշողությունների պահարան հանդիսացող Պատմության մեջ։ Նշվածի գործնական լուսաբանման համար ուսանելի են հակադրվող երկու խոսուն օրինակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քայքայված Գերմանիայում սկսվեց դենացիֆիկացման ցավոտ գործընթացը։ Նախկին նախագահ Ռիչարդ ֆոն Վայցզեկերն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ «որևէ ոք, ով աչք կոցի անցյալի վրա՝ այսօր կույր կդառնա։ Յուրաքանչյուր ոք, ով չի ցանկանում հիշել անցյալի վայրագությունները՝ վտանգված է նոր չարիքներով վարակվել»։ Ոչ թե փառաբանելով անցյալը, այլ առերեսվելով աղետալի և ամոթալի անցյալին, Գերմանիան և իր ժողովուրդը կարողացան հասնել ներքին հաշտեցմանը և նորից մուտք գործել աշխարհի առաջատար երկրների ընտանիք։ 1952թ․ Գերմանիայի կառավարությունը, չլինելով պատասխանատու իր նախորդների ոճիրների համար, ճանաչեց Հոլոքոստը, ծառայելով ուրիշների համար որպես օրինակ և որպես բարոյականության բարձր խորհուրդ։ Գերմանական ինքնությունը պատերազմի ավարտից ի վեր սահմանվում է Աղետով, որի կենտրոնական մասը զբաղեցնում է Հոլոքոստը։ Ժամանակի ընթացքում, գերմանացիների և հրեաների հիշողությունները ճանաչվեցին նախ որպես եվրոպական, ապա համաշխարհային հիշողություն։

1915թ. Օսմանյան կայսրությունում սկիզբ առած, ապա նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունում ավարտին հասցված հայերի կազմակերպված բնաջնջումը 1915թ․ մայիսի 24-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունում առաջին անգամ պատմության մեջ որակվեց «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն»։ Մինչև «ցեղասպանության» եզրույթի պաշտոնական ընդունումը, «մարդկության դեմ հանցագործություն» հասկացությունը համարվում էր ծանրագույն ոճրագործություն, իր տեղը գտնելով Նյուրեմբերգյան դատարանի կանոնադրության մեջ։ 1946թ․ Ռաֆայել Լեմկինն իր զեկույցում, որը Ցեղասպանության Կոնվենցիայի հիմք հանդիսացավ, ավարտում է ցեղասպանություն որակվելիք տարբեր ջարդերի ցանկը, հետևյալ բառերով․ «․․․և մեզ առավել մոտ համարվող հայերի հետ կատարվածը»։ Այդ իմաստով, Հայոց ցեղասպանությունը պատմական և իրավական տեսանկյունից հանդիսանում է ժամանակակից ցեղասպանությունների նախատիպը։ Հայերի պարագայում Թուրքիան որդեգրեց գերմանական փորձի ճիշտ հակառակ գործընթաց․ լռության մատնելով անցյալը՝ երբ հնարավոր էր, և կիրառելով դիվանագիտությունը՝ երբ անհրաժեշտ էր։ 1965 թվականին, երբ աշխարհի տարբեր անկյուններում հիշատակում էին «մոռացված ցեղասպանության» 50-րդ տարելիցը, մայիսի 4-ին Վաշինգտոնում Թուրքիայի ավագ դիվանագետը «New York Times»-ում հրապարակված նամակում առաջարկում էր ընթերցողներին, որ «այդ սև օրերի կապակցությամբ լավագույնն, ինչ կարելի է անել այսօր, մոռանալն է»։ Անցյալը լռեցնելու, մոռացության մատնելու, քողարկելու և այն փառաբանող այլընտրանքային մեկնաբանությամբ ներկայացնելու պաշտոնական Անկարայի վճռականությունն ուղղված է անցյալի մեծագույն հանցագործության մասին հիշողությունն ի սպառ վերացնելու նպատակին։ Այդ իմաստով, դա կրկնակի ցեղասպանություն է։

Գերմանիայի և Թուրքիայի փորձի հիմնական տարբերությունն ի հայտ է բերում երրորդ կողմի՝ միջազգային հանրության ներգրավվածության կամ բացակայության հանգամանքը։ Հայոց ցեղասպանության հարցն ի սկզբանէ ծավալվում է ոչ միայն հիշողության քաղաքականության, այլ նաև աշխարհաքաղաքականության հարթություններում։ ՆԱՏՕ-ի հզորագույն անդամ Թուրքիայի և նորանկախ, փոքր Հայաստանի միջև գոյություն ունի աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական և այլ տեսակի հսկայական տարբերություն։ Ինչպես նշել է ցեղասպանագետ Վահագն Դադրյանը, «միայն հզորը կարող է թույլ տալ ժխտել այս ծավալի հանցագործությունը և հաջողել դրանում»։ Ցեղասպանությունը համարվում է մարդկության դեմ հանցագործություն, որը չի կարող սահմանափակվել հանցագործ — զոհ փոխհարաբերակցությամբ, և այդ պատճառով է, որ պարտադիր է միջազգային իրավունքի նորմերի կատարման ապահովման համար միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը։ Ժողովրդավար պետությունների կրավորական և դիտորդի կեցվածքն անթուլատրելի է, քանի որ պատմությունն ապացուցել է, որ այն ի վերջո պարարտ հող է ստեղծում ժխտողականությանը, անպատժելիությանը, արդարության ոտնահարմանը և աննուղակիորեն նպաստում է ներկայում և ապագայում այդ տեսակի չարիքների կրկնությանը։ Ինչպես նշել էր Լեմկինը, «պատմությունը շատ ավելի իմաստուն է, քան իրավաբաններն ու քաղաքական գործիչները»։ Զուգահեռաբար, պարտադրված լռությունը և մոռացությունը անխուսափելիորեն քայքայում են ժողովրդավարությունը, որն իր էությամբ հաշվետվողականության շարունակական և անվերջ մի գործընթաց է, և առանց անցյալին դիմակայելու՝ չի կարող լինել հաշվետվողականություն։

Այսօր, ավելի քան 100 տարի անց կարելի է ամենայն վստահությամբ արձանագրել, որ պատմագիտական հետազոտությունների միջոցով ձեռք բերված փաստագրված գիտելիքը, ինչպես նաև այս հիմնախնդրի ուղղությամբ վերջին 50 տարիների հիշողության քաղաքականության գործընթացի համապարփակ դրսևորումները դարձրել են Հայոց ցեղասպանությունը միջազգային հավաքական հիշողության կարևոր տարր։ Սակայն, ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային իմացությունը դեռևս չի վերածվել համաշխարհային ճանաչման։ Ներկա դրությամբ շուրջ 30 պետություններ են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը։ Իմացության և ճանաչման այս անհամաչափությունը դարձել է Հայոց ցեղասպանության առանձնահատկությունը։ Ֆրանսիսկոս Պապի որակմամբ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», ցավոք պարբերաբար օգտագործվում է որպես քաղաքական առևտրի արժեքավոր խաղաքարտ, որով մի շարք երկրներ ձգտում են պատեհ առիթներով Թուրքիայից համապատասխան զիջումներ կորզել։

Չնայած ռեալպոլիտիկը դեռևս շարունակում է գերիշխել միջազգային հարաբերություններում ի հաշիվ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային վերափոխված աշխարհաքաղաքականությունը մեծապես իր ազդեցությունն է ունեցել միջազգային բեմահարթակում։ Գլոբալիզացված աշխարհում գնալով ավելի դժվար է առաջնորդվել միմիայն ազգային շահերի առաջխաղացմամբ։ Սկսած կլիմայական փոփոխություններից մինչև կայուն զարգացման հետ կապված մարտահրավերները գնալով պահանջում են հավաքական և միասնական լուծումներ։ Նույնը վերաբերում է հիշողությանը, արդարությանը և պատմական հաշտեցմանը։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի ավարտին հաղթանակած դաշնակիցների կողմից լքված հայերի ճակատագրին, խոստովանել է. «գնահատում եմ մեր աշխարհագրական կղզիացած դիրքը, սակայն վախենում եմ այն օրվանից, երբ մեր բարոյականությունը ևս կկղզիանա»։ Ժամանակը հասունացել է, որ ցավալի և անհերքելի անցյալի ճանաչման և համատեղ հիշատակման միջոցով աշխարհի տերությունները, մի կողմ թողնելով ընտրովի և եսասիրական բարոյականությունը գլխավորեն Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացը։

Օրերս Ռուանդայում հիշատակում էին ցեղասպանության 25-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ երկրի նախագահ Փոլ Կագամեն նշեց, որ իր «ժողովուրդը հաղթահարեց անդունդը, վերածվելով առավել քան երբևէ միասնական մեկ ընտանիքի։ 1994 թվականին հույսը բացակայում էր, միայն մշուշ էր։ Այսօր այս երկիրը լուսավորված է, որովհետև մեր ժողովուրդը առանց վարանելու կարողացավ ստանձնել ծանր պատասխանատվությունը։ Դա մեզ դարձրեց ավելի լավ»։

Ապրիլի 5-ին Բելգիայի կառավարությունը ներողություն է խնդրել Աֆրիկայում գաղութացման ժամանակաշրջանում երեխաների առեւանգման մեջ երկրի դերակատարման համար։ Վարչապետ Շառլ Միշելը հույս է հայտնել, որ Բելգիայի խոստովանությունը ռասիզմի դեմ պայքարի ևս մեկ քայլ կլինի։

Ցեղասպանությունն ունի տարբեր երեսներ, յուրաքանչյուրն ըստ էության ուրույն է։ Գերմանացիները և հրեաները, հութուներն ու թութսիները, Բելգիայի ու Կոնգոյի, Ռուանդայի և Բուրունդիի ժողովուրդները՝ միջազգային աջակցությամբ կարողացան արժանապատվորեն առերեսվել իրենց պատմության ողբերգական էջերին։ Վստահ եմ, որ նույնը սպասում է հայերիս և թուրքերին՝ հանուն ճշմարտության, արդարության և պատմական հաշտեցման»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]