Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը գումար չի հատկացրել Սևանա լճում ձկների և խեցգետինների պաշարների որոշման համար. մասնագետի կարծիքով, որսաչափ տալն անթույլատրելի է

Կառավարությունը գումար չի հատկացրել Սևանա լճում ձկների և խեցգետինների 
պաշարների որոշման համար. մասնագետի կարծիքով, որսաչափ տալն անթույլատրելի է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն այս տարի առաջին անգամ չի հայտարարել տենդեր Սևանա լճում խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Մենք արդեն գրեթե 15 տարի անընդմեջ իրականացրել ենք այդ մոնիթորինգը: Տենդերը հայտարարում է Բնապահպանության նախարարությունը: Բացի մեր ինստիտուտից՝ ոչ մի այլ կազմակերպություն չունի պաշարների ուսումնասիրման հնարավորություն, այդ իսկ պատճառով չի հայտարարվել տենդեր և չի հայտարարվելու»,- նշեց Գաբրիելյանը և հավելեց, թե պատճառաբանությունը եղել է այն, որ 7 մլն դրամ տրամադրվող գումարը բավարար չէ:

Նրա խոսքով՝ այդ գումարը ուսումնասիրությունների համար տրվել է մոտ 5-6 տարի շարունակ:

«Իրականում այդ 7 մլն դրամը բավարար չէ, քանի որ այդ ամենով պետք է որոշել արդյունաբերական և այլ ձկնատեսակների վիճակը լճում, խեցգետնի պաշարները, ինչպես նաև ձվադրավայր հանդիսացող գետերի վիճակը: Այդ գումարի բավարար չլինելն էլ, իր հերթին, չի նշանակում, որ մենք մեր աշխատանքը պատշաճ ձևով չէինք իրականացնում: Մենք հայթայթում էինք այլ միջոցներ՝ տնտեսված գումարներից, արտաբյուջետային ֆինանսավորումներով»,- ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: 

Գաբրիելյանը հիմնավոր չհամարեց 7 մլն դրամը չհատկացնելը միայն բավարար չլինելու պատճառաբանությամբ: Նրա խոսքով՝ հնարավոր էր այդ գումարը հատկացնել, օրինակ՝ միայն սիգ ձկնատեսակի պաշարները մանրամասն ուսումնասիրելու համար:

«Կառավարությունը թույլատրել է փոքր քանակությամբ սիգի օրինական որսը և այս դեպքում պաշարների որոշումն ավելի հրատապ է դառնում»,- ասաց Բարդուղ Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am