Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծում ավելացնել նաև ներկրվող կլինկերի համար պետտուրք սահմանելու դրույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«ԲՀԿ-ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ակտիվորեն մասնակցելու է  տնտեսական հանձնաժողովում քննարկումներին և առաջարկելու է, որ կլինկերի համար ևս տուրք սահմանվի: Առաջարկն արդեն իսկ խմբակցության կողմից ներկայացվել է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել բիզնեսը, կոնկրետ այս դեպքում «ԱրարատՑեմենտ» գործարանը, և օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին չի վնասում: «Գագիկ Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր են աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները»,- նշեց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց` իրենք համարում են, որ Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելը  ճիշտ է: «Կարելի է քննարկել կլինկերի վրա հնարավոր պետտուրք դնելու չափը: Կլինկերը նույն ցեմենտն է` խտացված: Կրաքարից ցեմենտ արտադրելը նշանակում է60 տոկոս էներգակիրներ, 15 տոկոս հումք, 10 տոկոս աշխատավարձ: Իսկ կլինկերից ցեմենտ արտադրելու դեպքում տարբեր տեխնոլոգիական գործընթացներ են իրականացվելու: Եվ Գագիկ Ծառուկյանի համար ավելի ձեռնտու կլինի, որ կլինկերը ներմուծվի, սակայն խնդիրը տեղական արտադրանքի, աշխատատեղերի հարցն է»,-եզրափակեց նա:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ