Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմը կրկին ներկայացվեց կինոսերներին


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան` ապրիլի 24-ին ընդառաջ, Կինոյի տան փոքր դահլիճում ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» կինոնկարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արձակագիր Ռուբեն Հովսեփյանի սցենարով նկարահանված  ֆիլմում խաղացել են դերասաններ Լևոն Ներսիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Անահիտ Ղուկասյանը և այլք:

«Սա Վիգեն Չալդրանյանի առաջին ֆիլմն էր. և՛ դերասանական կազմի համար էր այն հետաքրքիր, և՛ ռեժիսորի: Նկարահանումներն իրականացվում էին Արամուս գյուղում, մթնոլորտը շատ ջերմ էր, մենք հաճույք էինք ստանում մեր աշխատանքից, իսկ Վիգենը չէր ծանրացնում ոչինչ, պարզապես ասում էր, թե  ինչ է ցանկանում ստանալ ու վերջ»,-ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ «Ապրիլը» պատկանում է այն կինոնկարների շարքին, որոնք անհրաժեշտ են, որ երիտասարդությունը երբեք չմոռանա այն արհավիրքը, որի միջով անցել են մեր պապերը:

Երևանի մամուլի ակումբ հասարակական կազմակերպության խմբագիր Հերիքնազ Հարությունյանը խոստովանեց, որ շատ է սիրում ֆիլմը: «Հրաշալի դերասանական կազմ է ընդգրկված. Լևոն Ներսիսյանն իմ դասախոսն էր, և մենք նրան երկրպագում էինք: Ֆիլմի ասելիքը շատ խորն է. այն հորդորում է հողին կպած մնալ ու չհեռանալ արմատներից: Հերոսներից մեկն ասում է՝ փրկվել են ցեղասպանությունից, կարողացել են ստեղծել իրենց օջախը, և այն պարզապես չի կարելի տալ ուրիշին: Ասես հերոսներն իրենց մի մասնիկն են բերել Ավետյաց երկրից և չեն ցանկանում, որ բան պակասի, ուզում  են շենացնել երկիրը»,-պատմեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ ֆիլմում կարմիր գծի պես անցնում է այն միտքը, որ ճիշտ է՝ հայերը կոտորվել են, բայց պայքարել են ու չեն կորցրել արժանապատվությունը:

«Ապրիլ» կինոնկարը նկարահանվել է 1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում: Կինոժապավենում նկարագրվում են իրադարձություններ, որոնք  տեղի են ունենում 1980 թվականի  ապրիլի 24-ին` Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

Ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ