Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Քննչական կոմիտեն որոնում է ուրիշի վարկի գումարը կանխիկացրած և հափշտակած անձին


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

«Նախնական տվյալներով՝ 2018թ. սկզբին, երեք քաղաքացիներ ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաև անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատավարձի չափի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի հիման վրա ձևակերպել են աշխատավարձի ապահովմամբ վարկ, ստացել վարկի վճարային քարտ և 12.02.2018-13.02.2018թթ ընված ժամանակահատվածում  նշված քարտից կանխիկացրել և հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննություն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ