Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Որևէ մեկը չփորձի դանակ, զենք գործածել, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

Որևէ մեկը չփորձի դանակ, զենք գործածել, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով 
կտանք. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ հեղափոխությունից հետո բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքների ղեկավարների դեմ կա բողոքի շարունակվող ալիք՝ գյուղապետերը պետք է հրաժարական տան և նշանակեն արտահերթ ընտրություններ: Այդ մասին վարչապետը նշեց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ իրադրությունն այստեղ չի խաղաղվում, մասնավորապես մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքապետի հրաժարականը:

«Արդեն մեկ շաբաթ է՝ գյուղի հովիվը հացադուլ է անում, իսկ համայնքի ղեկավարը պնդում է, որ ոչ մի կերպ հրաժարական չի ներկայացնելու, ավելին՝ նշում է, որ եթե արել է չարաշահումներ, թող իրենով զբաղվեն իրավապահները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ հաշվի առնելով Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի նախադեպը, կարծում է՝ հնարավոր է այս գյուղում ևս լինեն նման իրադարձություններ: Նշեց, որ վանևանցիներն արդեն երկու անգամ փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական ամտոմայրուղին: Նրան հայտնի է, որ այդ ժամանակ երիտասարդների մոտ եղել են դանակներ, այսինքն՝ ամեն պահի հնարավոր է՝ լինեն տհաճ զարգացումներ:

Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ իրականում այս հարցը դարձյալ սուպերվարչապետության մասին է: «Երբ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ծրագիրը, կարծիքներ էին հնչում, որ այդ ծրագրով կառավարությունը սպանում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ զրկելով անկախությունից: Մյուս կողմից՝ պարբերաբար ասում ենք՝ այս գյուղի գյուղացին իր գյուղապետի հրաժարականն է պահանջում. կառավարությու՛ն, ինչու՞ չեք միջամտում:

Հիմա եկեք կողմնորոշվենք՝ ուզու՞մ ենք սուպերվարչապետական համակարգ, թե՞ չէ: Եթե Զարթոնքի կամ մյուսի դեպքին միջամտեինք, կլինեին ասուլիսներ, կասեին՝ կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա, իսկ ո՞ւր մնաց Սահմանադրությունը: Իսկ եթե այնտեղ սրացումներ լինեին, կասեին՝ ո՞ւր մնաց կառավարությունը, ինչո՞ւ ոչինչ չեն անում և այլն»,- ասաց վարչապետը:  

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նմանատիպ իրավիճակների վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը մի քանի անգամ արտահայտել է: Կարծում է՝ հեղափոխությունից հետո բոլոր այն համայնքներում, որտեղ կա նմանատիպ խնդիր, կա բողոքի շարունակվող ալիք, գյուղապետները պետք է հրաժարական տան և նշանակեն արտահերթ ընտրություններ:

«Եթե իրենք գիտեն, որ ունեն իրենց ժողովրդի աջակցությունը, նորից կառաջադրվեն, կընտրվեն: Մենք չենք պատրաստվում որևէ տեղում, թեկուզ մի քվեաթերթիկով ընտրությունները կեղծել: Զարթոնքի դեպքից հետո նայում ենք, հարցնում՝ կարո՞ղ է մենք շատ լիբերալ ենք: Կարո՞ղ է տեղ-տեղ միջամտենք ու լուծումներ գտնենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ այդ երիտասարդների մոտ դանակներ են եղել, վարչապետը նշեց՝ Ոստիկանությանը հանձնարարված է, պատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր կփորձեն բռնության ճանապարհով հարց լուծել: «Իրենք բանտում են հայտնվելու, տարբերակ չունեն: Որևէ մեկը չփորձի Հայաստանում դանակ, զենք գործածել: Կներեք, բայց պետք է կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք: Որևէ մեկը չփորձի դանակով հարցը լուծել: Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ կապերով կխուսափեն պատասխանատվությունից, մեկ է՝ հաջորդ պահին վզներից բռնելու ենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am