Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Եգիպտական «Դիվան» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական «Ալ Ահրամ»ի հրատարակչության «Դիվան» ամսաթերթը ապրիլի  համարում լայն եւ ուրույն անդրադարձ է կատարել Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը, հայոց պատմությանը, մշակույթին, համաշխարհային հռչակ վայելող հայերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Թիւին մէջ «Շնորհակալութիւն Եգիպտոս» խորագրուած յօդուած ստորագրած է եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպսկ. Մնացականեան, իսկ պատմաբան Մոհամմէտ Ռէֆհաթ էլ Իմամ լայնօրէն անդրադարձած է Հայոց ցեղասպանութեան՝ «Եգիպտոս Հայոց ցեղասպանութեան ականատես վկան» խորագրուած ակնարկով։
Պատշաճ ծանօթագրութեամբ մը պարբերականի այս թիւին մէջ հրապարակուած է Անդրանիկ Ծառուկեան «Թուղթ առ Երեւան» երկարաշունչ բանաստեղծութեան առաջին բաժինի արաբերէն թարգմանութիւնը, առանց նշելու թարգմանիչի անունը։ Նորութիւն մը նման հրատարակութիւններու համար։
Ցեղասպանութեան մշակութային արձագանգներէն անդրադարձ կատարուած է նաեւ օրին Ամերիկայի մէջ արտադրուած երկու ֆիլմերու՝ Ravished Armenia (1919 թուական) և 1896-ին Պոլսոյ մէջ Պանք Օթոմանի գրաւման հետեւած կոտորածին նուիրուած EMC ընկերութեան 1901-ին արտադրած ֆիլմին, որ թէեւ գոյութիւն չունի այսօր, սակայն ընկերութեան արտադրած ֆիլմերու կատալոգին մէջ պատկերաւոր նկարագրութիւնը թարգմանած ու հրատարակած է պարբերականը։
Հետաքրքրական է պարբերականի խմբագրութեան պատրաստած մուտքի յօդուածը՝ «Հայոց կոտորածը. ոճիր զոր չի սրբեր ժամանակը... իսկ մշակոյթը կը շարունակուի». թէեւ վերջին հազարամեակով սահմանափակուած է հայոց պատմութեան անդրադարձը, սակայն Հայաստանէ՛ն բռնագաղթի մասին ակնարկը հետաքրքրական կը դարձնէ զայն»։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ