Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միգրացիոն ծառայությունը «Մեդիա և միգրացիա» խորագրով հանդիպումների շարքով կնպաստի ոլորտի վերաբերյալ լրագրողների գիտելիքների բարձրացմանը

Միգրացիոն ծառայությունը «Մեդիա և միգրացիա» խորագրով հանդիպումների շարքով 
կնպաստի ոլորտի վերաբերյալ լրագրողների գիտելիքների բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը միգրացիոն գործընթացների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով սկսում է լրագրողների հետ հանդիպումների շարք: «Մեդիա և միգրացիա» խորագրով հանդիպումների ընթացքում լրագրողներին կներկայացվեն թեմատիկ տեղեկություններ, նաև վիճակագրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին նախաձեռնության բացման միջոցառումը վարեց միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Մենք վերջին շրջանում նկատել ենք, որ միգրացիայի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա է թյուրըմբռնում: Կարծում եմ, որ դրանում կա նաև պետության բացթողումը: Ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, միգրացիոն քաղաքականության ոլորտում ևս տեղի ունեցած գործողությունները հանրությանը լավ չեն բացատրվել: Հիմա մեր միջազգային գործընկերների հետ որոշեցինք նախաձեռնել այսպիսի հանդիպում, որում անդրադարձ կկատարենք միգրացիոն տարբեր թեմաների և կփորձենք ավելի դետալային բացահայտել ու բացել այդ թեմաները»,-ներկայացրեց Ղազարյանը:

Նա նկատեց, որ միգրացիան սերտորեն կապված է վիճակագրության հետ: Եվ պատրաստվում են ամեն հանդիպման վերջում տրամադրել թեմայի վերաբերյալ թարմ վիճակագրություն: Ղազարյանը նշեց, որ երբեմն հնչում են թվեր, ու դրանք հայտնվում են նյութերի հիմքում, սակայն դրանք իրականության հետ կապ չունեն: Թարմ տվյալները կօգնեն ավելի ստույգ ներկայացնել ինֆորմացիան:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ կլինի դաշտի բացին ու մարտահրավերներին: Քննարկվող թեմաներից կլինեն մեդիայի դերն ու դրա ազդեցությանը միգրացիայի վրա, ռեադմիսիան, փախստականների և փախստականության հարցերը, ապաստանի համակարգը: Այնուհետև անդրադարձ կկատարվի նաև ընդհանուր միգրացիոն պատկերին, սահմանահատումներին:

Ղազարյանը նշեց նաև, որ «Մեդիա և միգրացիա» ծրագրի շրջանակում գրված նյութերի հեղինակները կխրախուսվեն մասնակցելու «Ճամպրուկ 2019» միգրացիոն լրագրողական մրցույթին:

«Մեդիա և միգրացիա» ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Կարմիր խաչի հայկական ընկերության հետ համատեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am