Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Կայացել է ՔՈԱՖ-ի առաջին գագաթնաժողովը


ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ապրիլի 4-6-ը կայացել է հիմնադրամի առաջին գագաթնաժողովը, որին մասնակցել են  հոգաբարձուների խորհրդի անդամները, ՔՈԱՖ-ի ղեկավար կազմն ու  տարբեր ոլորտների մասնագետներ մի շարք երկրներից՝ Թաիլանդ, ԱՄՆ, Մալթա, Վենեսուելա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմավարության մշակման ընթացքում ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենն առանձնացրել է  գործունեության երկու հիմնական սկզբունք՝ նորարարություն և արագություն։ «Մեր տեսլականի հիմքում նորարարությունն է՝ որպես խնդիրների լուծման կենսական, արդի մոտեցում, իսկ իրավիճակին արագ արձագանքը մերօրյա անհավանական տեմպով զարգացող աշխարհում դառնում է անհրաժեշտություն»։

ՔՈԱՖ-ի գագաթնաժողովը հարթակ էր՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի զարգացման ուղիները քննարկելու և որոշումներ կայացնելու։ Վերամշակելով ՔՈԱՖ-ի տեսլականն ու առաքելությունը՝ մասնակիցները գյուղական համայնքների զարգացման և առաջընթացի հավակնոտ ձգտումեր ու գործողություններ նախանշեցին։

Գագաթնաժողովի մասնակիցները համակարծք են եղել, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնականում մասնակցի տնտեսության կառուցմանն ու աճին։ Այս համատեքստում գործազուրկ կամ երկրից դուրս աշխատանքային հնարավորություններ փնտրող բնակիչներին, ըստ Կարո Արմենի, պետք է ցույց տալ հնարավորությունների լայն շրջանակ իրենց իսկ համայնքում, զինել նոր գիտելիքով ու հմտություններով, ստեղծել նախադրյալներ, որ մարդը կարողանա աշխատել, արարել ու արժեք ստեղծել։

 

* * *

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսին՝ ծառայելու մարզի շուրջ 150 հազար բնակիչներին։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ