Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը

Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը 
կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաև Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:

«Արմենպրես»-ը ԵԽԽՎ սպասվող գարնանային նստաշրջանի մասին խոսել է հայկական պատվիրակության անդամների  հետ:

«ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակացույցը և թեմաները բազմազան են և բոլորն այս կամ այն կերպ առնչվում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Եվ մեր պատվիրակության անդամները խոսելու են ոչ միայն մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից՝ Հայաստանի համատեքստում, այլ ընդհանրապես համաեվրոպական և համամարդկային համատեքստում»,-ասաց հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին նախատեսվող ելույթին՝ Ռուբինյանը նշեց՝ ենթադրում է, որ վարչապետը կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների,  անցկացված ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման և ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին: Նրա կարծիքով՝ ըստ էության, հայկական պատվիրակության շեշտադրումները ևս  կլինեն նմանատիպ։

Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևորեց հատկապես նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի զեկույց,  որը վերաբերում է ռասիզմին, անհանդուրժողականությանը և այլակարծությանը՝ հատկապես երկրների պաշտոնյաների, քաղաքական գործիչների ելույթներում և հռետորաբանության մեջ: Եվրոպայի խորհրդի կողմից հստակ հանձնարարականներ են եղել անդամ պետությունների ղեկավարներին՝ մշակել էթիկայի կոդեքսներ քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմը, անհանդուրժողականությունը զսպելու համար:

Զոհրաբյանն իր ելույթի համար նախանշել է երեք թիրախներ: «Քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմի և անհանդուրժողականության խոսքի հռետորաբանության կոնտեքստում ես շատ լուրջ ասելիք ունեմ: Ես բնականաբար բարձրացնելու եմ նաև վերջերս Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: Չնայած նա քաղաքացիական անձ է, սակայն Ադրբեջանի կողմից գնահատվել է որպես դիվերսանտ ու դատապարտվել նման բարձր պատժաչափի»,-ասաց նա:

Զոհրաբյանը  բարձրացնելու է նաև Արցախի ժողովրդի կրթության և առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը: Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվել Եվրոպայի կրթական և առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 8-ին Ստրասբուրգում: 

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝  սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]