Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին տեղում է. փաստավավերագրական. փետրվար, 2019

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին տեղում է. 
փաստավավերագրական. փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության  «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկի տվյալներն՝ ըստ փետրվարի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելերը երկրորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Լիոնել Մեսսիի կենսագրությանը, հետաքրքիր կլինի իմանալ, որ ինչ-որ ժամանակ նա այնքան մեծ «սպառնալիք» է եղել ֆուտբոլի համար, որ իսպանական ակումբները ջանք ու եռանդ չեն խնայել նրա պայմանագիրը գնելու կամ նրա առողջական խնդիրները վեր հանելու համար։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ:

Երրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Չորրորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Հինգերորդ հորիզոնականում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ը: «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

Վեցերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Յոթերորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է,  պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ութերորդ տեղում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Իններորդ տեղում է Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»-ը: Այս գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։

Տասներորդ հորիզոնականում է Թամրիկո Շոլիի «Տղամարդու ներսում» գիրքը: Մոտ 200 անկեղծ հարցազրույց տղամարդկանց հետ, որոնք ցույց տվեցին, որ մարդկության ուժեղ կեսն այնպիսին չէ, ինչպիսին կանայք սովորաբար ուրվագծում են։ Գրքի հեղինակը, փորձելով հասկանալ իր անձնական երջանկության մշտական խաթարման պատճառները, բացահայտում է նաև տղամարդկանց հոգեբանության բազմաթիվ նուրբ կողմեր:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13),  «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը

Newmag 289
2 նոր

Լուկա Կայոլի

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»

Newmag 250
3 0

Ուիլյամ Չ. Ռեմփել

«Խաղացողը»

Էդիթ Պրինտ 70
4 0

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 64
5 *

Էմանուել Մակրոն

«Հեղափոխություն»

Newmag 56
6 -1

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 50
7 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 38
8 0

Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»

Էդիթ Պրինտ 36
9 *

Ջասթին Տրյուդո

«Ընդհանուր հայտարար»

Newmag 35
10 նոր

Թամրիկո Շոլի

«Տղամարդու ներսում»

Արևիկ 31

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]