Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

«Սպայկա»-ն վճարել է պետությանը պարտք ամբողջ գումարը


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպայկա» ընկերության պատասխանատուները հավաստիացնում են՝ վճարել են պետությանը պարտք ամբողջ գումարը և չեն թաքցրել հարկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը «Սպայկա»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշեց, որ առկա են դա փաստող հաշվետվություններ, որոնք բաց են:

«Պետք է տարին վերջանար, որպեսզի մենք հաշվետվություն ներկայացնեինք: Մեր ընկերությունում չորս տարի ստուգում չէր իրականացվել, հավանաբար դա էր պատճառը, որ նման խնդիրներ առաջացան: Մենք ցանկանում ենք, որ մեր ընկերությունում ամեն տարի ստուգումներ լինեն: Մենք պատրաստ ենք դրան և բաց ենք: Իսկ թե ինչո՞ւ չորս տարի մեզ մոտ ստուգումներ չեն եղել, պետք է ՊԵԿ-ին հարցնել: Շուտով ամփոփում ենք 2018 թվականը և դիմելու ենք ՊԵԿ-ին ընկերությունում ստուգումներ իրականացնելու համար»,- շեշտեց նա: 

Անդրադառնալով այն հարցին, թե ո՞ւմ է իրականում պատկանում ընկերությունը`  Դավիթ Ղազարյանն ասաց, որ ընկերության սեփականատերն ինքն է և այն հիմնել է  2001 թվականին:

2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտահանված լոլիկի քանակից առնվազն 44.912.368 կիլոգրամի իրացումն ընկերության պատասխանատու աշխատակիցները հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթերում  ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել:

Ընկերության կողմից  իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր ներկայացնելու հետևանքով, 2015-2017 թվականների համար հարկային տեսչություն ներկայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով, առնվազն 10,226,412,296 դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի  վճարվել  ընդհանուր 2,045,282,459 դրամ գումար:

Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ