Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արտակ Ապիտոնյանը կարևորել է ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելման առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը

Արտակ Ապիտոնյանը կարևորել է ահաբեկչության և ծայրահեղականության 
կանխարգելման առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցել է ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես է եկել ելույթով:

Փոխնախարարը սկսել է իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ա. Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, կարևորել է ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:

Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին` Ա․Ապիտոնյանը մտահոգություն է հայտնել, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նա նշել է, որ ԵԱՀԿ պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն այլ երկրների հետ միասին միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում և Իրաքում` էթնիկ և կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Նա հավելել է, որ վերջին ութ տարիների ընթացքում Սիրիայի և Իրաքի ժողովուրդները, մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առևանգումների և տեղահանման: Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշել է, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Փոխնախարարը հավելել է, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը իրենց ծագման երկրներ բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա, և կարող է հանգեցնել հակամարտությունների և ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:

Եզրափակելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am