Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սոֆիայի մարզպետի հետ


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում մարտի 25-ին տեղի է ունեցել  դեսպան Արմեն Սարգսյանի և Սոֆիայի մարզպետ Իլիան Տոդորովի (Ilian Todorov) աշխատանքային հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկվել են  Սոֆիայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապերի հաստատման հնարավորությունները:

Ներկայացնելով Սոֆիայի մարզը՝ մարզպետ Ի. Տոդորովը նշել է, որ այն ամենամեծն է Բուլղարիայում և իր կազմում ունի 22 համայնք: Նա տեղեկացրել է, որ մարզում մի քանի տասնյակ խոշոր ընկերություններ ընդգրկված են ոսկու և պղնձի հանքարդյունաբերության մեջ, ինչպես նաև ներգրավված են լեռնադահուկային, առողջարանային և զբոսաշրջության բնագավառի ձեռնարկություներում: Հնարավոր համագործակցության առաջնայնությունների շարքում նա առանձնացրել է էներգետիկայի, հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտները:

Դեսպան Ա. Սարգսյանը կարևորել է մարզերի միջև տնտեսական, կրթամշակութային և հումանիտար համագործակցության հաստատման, արվեստի փառատոններին և  միջոցառումներին փոխադարձ մասնակցության և համատեղ կազմակերպման հնարավորությունը:

Խոսելով Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների մասին՝ դեսպան Սարգսյանն ընդգծել է, որ հայերը հոգեհարազատ են ընդունում բուլղարներին և կարևորում են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:

Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել, որ բուլղարահայության գործոնը՝ որպես յուրահատուկ ներուժ, պետք է օգտագործվի հայ-բուլղարական համագործակցության զարգացման և ընդլայնման գործընթացում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ