Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Փաստաբանների պալատը և Արարատի մարզպետարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Փաստաբանների պալատը և Արարատի մարզպետարանը համագործակցության 
հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Արարատի մարզպետարանի միջև մարտի 22-ին, կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Երկու կառույցների ղեկավարները ողջունել են մարզի համար այս կարևոր նախաձեռնությունը:

«Այս նախաձեռնությունը կնպաստի մարզի բնակիչների իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի նրանց իրավական խնդիրների լուծմանը: Մենք լավ գիտենք, որ այսօր մեր քաղաքացիները կառավարման մարմինների ներկայացուցիչներին դիմում են հիմնականում իրավական խնդիրներով, և այդ առումով այս համագործակցության շահառուն լինելու է քաղաքացին»,-հուշագրի ստորագրումից հետո ընդգծել է Արա Զոհրաբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, խոսելով հուշագրի կարևորության մասին՝ Գարիկ Սարգսյանը նշել է. «Մեր ունեցած ռեսուրսները միշտ չէ, որ բավարար են: Մարզպետարանի իրավաբանական բաժնի աշխատանքը գրեթե եռակի ավելացել է և չի հասցնում պատշաճ իրավախորհրդատվություն ապահովել մեր քաղաքացիներին»:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև Արարատի մարզի փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի Արարատի մարզային նորընտիր համակարգող Արթուր Սարգսյանը:

Ըստ հուշագրի՝ Արարատի մարզպետարանը վարչական շենքում անվճար տրամադրելու է տարածք  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Արտաշատ քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Կողմերի համաձայնությամբ տարածքից օգտվելու իրավունք ունեն նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր  չունեն փաստաբանական գործունեություն  իրականացնելու տարածք: Իր հերթին, ՀՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել տարածքում ապահովել հանրային պաշտպանների և փաստաբանների բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև մարզի ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպել աշակերտներին մարդու իրավունքների մասին իրազեկելու և փաստաբանի մասնագիտության հիմունքներին ծանոթացնելու նպատակով: Հանրային պաշտպանների, ինչպես նաև տարածքը զբաղեցնող փաստաբանների միջոցով  յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր մարզի բնակիչների համար կազմակերպվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Կողմերը պայմանավորվել են անվճար իրավաբանական խորհրդատվության և տարածքների տրամադրման հարցերը քննարկել նաև մարզի մյուս քաղաքների (Մասիս, Արարատ, Վեդի) համար։

Արարատի մարզպետը նախատեսել է մարզպետարանի շենքի առաջին հարկից փաստաբանների պալատին հատկացնել առնվազն երեք աշխատասենյակ:

Մարզում գործում է հանրային 4 պաշտպան:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ