Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանը բացառում է քաղաքական նպատակների համար իր կողմից դատական համակարգի օգտագործումը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարչապետը որևէ կերպ չի փորձի դատական համակարգն օգտագործել քաղաքական նպատակների համար, իսկ այն պաշտոնյաները, որոնք կփորձեն նման բան անել, կստանան կոնկրետ պատասխան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրավիրված ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցի, թե արդյոք այն, որ դատավորներն իշխանությունների կողմից այլևս զանգեր չեն ստանում, բավարար է դատական համակարգը բարեփոխելու և արձանագրելու համար, որ համակարգը լիարժեքորեն անկախ է:

«Զանգերի չլինելն, իհարկե, բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է, առանց դրա ուղղակի անհնար է դատական անկախ համակարգ ունենալ։ Եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգում հենց ներսից գործընթացներ կսկսվեն, որոնք արդյունքում կբերեն իրապես դատական համակարգի անկախացման: Մենք պետք է երաշխավորենք, որ իշխանական թելադրանք չի լինելու: Իշխանական թելադրանք ասելով չպետք է հասկանալ միայն իմ միջամտությունը: Երբ երկրի ղեկավարը դադարում է դատարանին հրահանգ տալ, և դատական համակարգը սովոր է այդ կերպ աշխատել,  առաջանում է ազատ տեղ՝ վակուում: Ինձ երբեմն հավաստիացրել են, որ ես չեմ միջամտում, բայց իշխանության մեջ կան օղակներ, որոնք, հնարավոր է, միջամտություններ թույլ են տալիս: Ես, իհարկե, բոլոր նման դեպքերին արագ արձագանքում եմ: Սակայն ապացույցներ չունեմ, որ նման բան եղել է»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ երբ նախկինում իշխանությունից հրահանգ է գնացել դատական համակարգին, դա եղել է կոնկրետ անձանց միջոցով: Հիմա այդ անձինք կան, ունեն նույն կապի միջոցներն ու ուղիները, որ այդ հրահանգները տալիս էին: «Հարցը հետևյալն է՝արդյոք այդ ուղիներն օգտագործվում են, դատական համակարգի վրա ազդելու համար: Ես վստահ չեմ»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ինքը չի կարող 100 տոկոսով բացասական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Հայաստանում կաշառք չկա: Նա նկատեց, որ եթե երկրում դեռ հարկային կամ այլ պետական մարմիններում ձերբակալություններ են տեղի ունենում, զինկոմիսարիատներում կաշառքի դեպքեր կան, ինքը չի կարող 100 տոկոսով վստահ ասել, որ դատական համակարգում չկա։

«Հիմա եթե այս երեք ուղիները փակենք, դատական համակարգը կդառնա շատ անկախ: Բայց մյուս կողմից մենք բարձիթողի չենք թողնում։ Մենք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերել եվրոպական ստանդարտի, համաշխարհային ստանդարտի: Եվ նաև սա է պատճառը, որ մենք կարևորում ենք ԵՄ-ի հետ այս ուղղությամբ մեր համագործակցության հետագա զարգացումը: Եվ մենք այս հարցում վճռական ենք, որևէ մեկը չկասկածի, թե որևէ պահի մենք կարող ենք մտածել, որ դատական համակարգը կարող ենք օգտագործվել քաղաքական նպատակների համար: Չի լինի այդպիսի բան: Անձամբ իմ կողմից բացառում եմ: Եթե կլինեն այլ պաշտոնյաներ, ովքեր կփորձեն նման բան անել, այդ պաշտոնյաների գործողություններին կլինի շատ կոնկրետ արձագանք»,-եզրափակեց վարչապետը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ