Հայրենադարձության խոչընդոտների վերացման արդյունքում կվերանայվի 5 տարվա մշտական բնակության ցենզը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչական իրավախախտումների մասին Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած փոփոխությունների արդյունքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հարկային վարչարարության բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների գործընթացը: «Այս փոփոխությունն իրականացնում ենք ապահովելու համար վարչարարության համաչափությունը: 2017 թվականի 5-12 ամիսների ընթացքում 247 դեպք ենք ունեցել, որոնց դեպքում կիրառվել է նվազագույն տուգանք, մինչդեռ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համար ունեցել ենք 7470 դեպք»,- ասաց նա:
Բադասյանի խոսքով՝ նոր բարեփոխումներով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված հարկային խախտումներով վարչական վարույթները կվստահվեն իրավաբանական վարչությանը, հայրենադարձության խոչընդոտների վերացման արդյունքում էլ կվերանայվի 5 տարվա մշտական բնակության ցենզը: «Բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր հունիս-հուլիս ամիսներից մշտական բնակություն հաստատելու նպատակով վերադառնում են Հայաստանի Հանրապետություն և խնդիր են ունենում օրենքի դրույթի հետ: Մեր հայրենակիցը նախկինում առնվազն 5 տարի պետք է մշտական բնակություն ունենար այլ երկրում, որպեսզի օգտվեր արտոնյալ համակարգից իր անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսազերծման ներմուծելու համար: Մենք հիմա այս դրույթն ենք փոխում, որպեսզի հայրենադարձության հետագա փուլն ավելի հեշտ հաղթահարենք, և մեր հայրենակիցները օրենսդրական խոչընդոտների չհանդիպեն»,- հավելեց ՊԵԿ նախագահի տեղակալը: