Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Հայաստանի գրողների միությունը ցերեկույթով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60- ամյա հոբելյանը


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի հասարակական-քաղաքական, գրական գործունեությունն ու ավանդը Հայոց բանակի ստեղծման գործում արժևորվեցին մարտի 7-ին Հայաստանի գրողների միությունում անցացված հանդիսության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ընթերցեցին Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունները:

«Գրողական մեր տուրքն ենք մատուցում մեր գրող ընկերոջը, փառապանծ զինվորականին, պետական գործչին: Նրա պատմվածքները հրաշալի մուտք էին գրական աշխարհ: «Հացի փորձություն» գիրքն արժանացավ մրցանակի, մեծ գնահատանքի: Հետագայում նրա գրական ճանապարհը խարսխվեց ավելի շատ հրապարակախոսական ելույթներով, էսսեներով: Կենդանության օրոք մի գիրք էր ներկայացրել «Նաիրի» հրատարակչություն, ապա ինչ-ինչ պատճառներով հետ վերցրել: Թղթապանակն ինձ մոտ էր. ավելացնելով նրա անտիպ գործերն ու խոհագրությունները` հրատարակեցինք «Խաղը» վերնագրով մի հատոր»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա  ասաց, որ գրական ճանապարհը շատ օգտակար էր Վազգեն Սարգսյանի գաղափարների,  հռետորական ելույթների համար, որովհետև նա շատ «կոշտ մակերեսով» խոսք ուներ, նաև զգացմունքային էր, ինչը հասկանալի էր թե՛ երկրապահին և կռվողներին, թե՛ այն մարդկանց, ովքեր ժողովրդական խոսքի, իմաստուն խոսքի կարոտ էին:

Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով` մեզ բախտ է վիճակվել երկրորդ հազարամյակի վերջում համախմբվել և պայքարել, մաքառել հանուն մեր անկախության, մեր պետության, պետականության, հող ու ջրի համար: «Այս ճանապարհին իր առանձնակի դերակատարությունն ունեցավ լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը, մեր ավագ ընկերը, մեր ավագ եղբայրը: Նա կարողացավ համախմբել բոլոր ջոկատներին և անկախ զինվորական կրթությունից դարձնել կուռ կառույց ու պայքարել թշնամու դեմ: Մենք հենց նրա գլխավորությամբ հաղթանակեցինք Արցախյան ազատամարտում»,-շեշտեց Միքայելյանը` հավելելով, որ Վազգեն Սարգսյանը դրեց բանակաշինության հիմքը, և այսօր մենք ունենք տարածաշրջանում ամենակայուն, ամենահզոր բանակը:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ասաց, որ կար ժամանակ, երբ  Վազգեն Սարգսյանի անունը վախենում էին բարձրաձայնել, որովհետև գործող իշխանություններն իրենց ավելի փոքր ու թույլ էին զգում: «Վազգենի անունը տալը այդ առումով ինչ-որ տեղ բարդացնում էր անուն տվողների կյանքը: Կար ժամանակ, երբ չեզոք էին Վազգենի նկատմամբ, որովհետև նա Հանրապետական կուսակցության վարչապետն է եղել և այդ առումով բացասական տեսակետներ ասելը չէր խրախուսվում: Հիմա, բարեբախտաբար, ազատ ժամանակներ են, մարդիկ ինչպես ուզում ներկայացնում են, ինչպես ուզում խոսում են: Ճիշտ չի լինի ասել, որ Վազգենի հիշատակն ըստ արժանվույն չի գնահատվել: Միշտ գնահատվել է տարբեր չափով և այս առումով բողոքելու բան չկա»,-եզրափակեց  Արամ Սարգսյանը:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ