Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը կարևորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը

Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը կարևորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման 
շուրջ շարունակական աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ:

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել`  նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքն ու զարգացման ուղիները: «Սա Ձեր երկրորդ այցն է Բրյուսել, պարոն վարչապետ: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Ձեր առաջին այցի շրջանակում, և այսօրվա մեր հանդիպումը լավ հնարավորություն է` շարունակելու մեր սկսած երկխոսությունը», - ասել է Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: «Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ», - նշել է վարչապետ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով  շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am