Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Ֆրանսիայում կայացել են Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում փետրվարի 21-25-ը անցկացվել են Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյա տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Փետրվարի 21-ին՝ Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյա տարելիցի օրը, հիշատակի արարողություն տեղի ունեցավ Մոն Վալերիեն (Mont Valérien) բլուրի վրա, որտեղ տեղի էր ունեցել գնդակահարությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի զինված ուժերի պետքարտուղար Ժենեվիեվ Դարյոսեկը (Geneviève Darrieussecq) և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Փետրվարի 24-ին Դիմադրության նախկին մարտիկների և ընկերների ազգային ասոցիացիայի կողմից (Association Nationale des Anciens Combattants et Ami(e)s de la Résistance, ANACR) հիշատակի միջոցառում կազմակերպվեց Փարիզի Իվրիի գերեզմանատանը, որտեղ հողին են հանձնված Միսաք Մանուշյանի, ինչպես նաև իր խմբի մյուս մարտիկների մարմինները:

Փետրվարի 25-ին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպվեց ևս մեկ հիշատակի արարողություն՝ նվիրված Միսաք Մանուշյանի խմբին: Միջոցառումը կազմակերպվել էր Դիմադրության հայ նախկին մարտիկների ազգային ասոցիացիայի (Association Nationale des Anciens Combattants et Résistants Arméniens) և հրեական բանակային հոգևորական ծառայության (Aumônerie Israélite des Armées) կողմից:

Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև Փարիզի 14-րդ և 20-րդ շրջաններում, ինչպես նաև Մարսել, Վո Ան Վլեն, Ռոման, Վալանս, Գարգան և Շուազի-լը-Ռուա քաղաքներում:

Փետրվարի 15-ին Փարիզում հայկական մշակութային տանը կազմակերպվել էր նաև Մանուշյանի խմբի մասին պատմող «Ազատության պարտիզանները» ֆիլմի ցուցադրությունը: Հիշատակի միջոցառումներին ներկա են գտնվել նաև հայ համայնքի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչները»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ