Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում


ՎԱՆԱՁՈՐ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական հեղափոխության մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդից: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովում ունեցած ելույթում: Միջոցառումը տեղի է ունենում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որին մասնակցում են նաև մի շարք ներդրողներ՝ տարբեր ներդրումային ծրագրերով, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և մարզպետներ:

«Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն է՝ կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունը և ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ  տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:

«Բայց ո՞վքեր են ստեղծում դա, տնտեսության մեջ ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու. այո, նաև խոսքով: Ցավոք մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը, բայց որպես Քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն` բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյո՞ք միայն խոսքով. իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման,  օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում է կոռուպցիան և ամենաթողությունը:

«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ, պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ՝ եթե որևէ բիզնես փայ է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասխանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից անել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են իսկապես կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:

«Գիտեմ, որ Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, այլ հավատը յուրաքանչյուրի ինքը իր նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ գիտի, որ ինքը հաղթող է, գիտի հարստանալ և հարստացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին պատրաստակամության համար, ինչը շատ մեծ գրավական է: Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը` հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ