Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Պատմական իրողության ընդունո՞ւմ, թե Թուրքիային ճնշելու խաղաքարտ. Հայ դատի արձագանքն ԱՄԷ-ում Ցեղասպանության ճանաչման խոսակցություններին

 Պատմական իրողության ընդունո՞ւմ, թե Թուրքիային ճնշելու խաղաքարտ. Հայ 
դատի արձագանքն ԱՄԷ-ում Ցեղասպանության ճանաչման խոսակցություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակը հետևում է արաբական մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գրասենյակը դրանք դիտարկում է տարածաշրջանային զարգացումների համատեքստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին տեղեկություններ եղել են նաև Եգիպտոսի դեպքում, սակայն մինչ օրս կոնկրետ արդյունք չկա:

«Եգիպտոսի դեպքում, գիտեք, բազմիցս խոսվեց այն մասին, որ նախատեսվում է խորհրդարանում բանաձևի ընդունում, սակայն այդ ամենը մնաց զուտ քարոզչական դաշտում և գործնական քայլեր չեղան: Թե այդ դեպքում, թե ԱՄԷ-ի պարագայում, ու, ընդհանրապես, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին այս կամ այն տեղեկություններին մենք զգուշավորությամբ ենք մոտենում: Չի բացառվում, որ այդ հայտարարությունները ճնշում գործադրելու քայլ լինեն Թուրքիայի վրա, իսկ մենք գիտենք, որ այսօր արաբական որոշ երկրներ լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ»,-ասաց Վերա Յակուբյանը: Նա նշեց, որ այդ արաբական երկրների թվում ԱՄԷ-ն է, որը հարաբերությունների դժվար ընթացք ունի Թուրքիայի հետ:

«Հայտնի է, որ Թուրքիան վերջին տարիներին արաբական աշխարհում աջակցեց իսլամիստներին: Եվ հիմա մրցակցություն կա, թե ով կլինի առավել ազդեցիկ արաբական աշխարհում: Ահա Թուրքիայի հետ ունեցած խնդիրների ֆոնին է բարձրացվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իհարկե, հետևում ենք զարգացումներին, բայց առայժմ շատ խանդավառված չենք, որովհետև չի բացառվում Թուրքիայի հետ հարաբերությունները շտկվեն: Գիտեք, որ արաբական որոշ երկրների ու Թուրքիայի միջև տնտեսական հզոր կապեր կան»,-ասաց նա:

Վերա Յակուբյանը նշեց, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայերից շատերին առաջինն ապաստան տվողները հենց որոշ արաբական երկրներ էին: Այդ նույն երկրները հնարավորություն տվեցին հայերին հաստատվել, ունենալ իրենց եկեղեցին, հուշաքար բացել, ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Այնպես որ, կարող ենք ասել, որ որոշ արաբական երկրներ անուղղակի կերպով ընդունում են 1915 թվականի պատմական իրողությունը»,-ասաց Վերա Յակուբյանը:

Ինչ վերաբերում է ԱՄԷ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը, ապա Վերա Յակուբյանը նշեց, որ այն դուռ կբացի մյուս արաբական երկրների ճանաչման համար:   

«Եթե ճանաչեն, ապա աննախադեպ երևույթ կլինի արաբական աշխարհում: Այն կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ և մյուս արաբական երկրները ևս նման քայլ նախաձեռնեն: Ամեն դեպքում հիմա դժվար է հասկանալ՝ արդյոք ԱՄԷ-ն կճանաչի, թե ոչ»,-ասաց Վերա Յակուբյանը:

Արաբական մամուլը տեղեկություններ է շրջանառում այն մասին, որ ԱՄԷ-ն կարող է ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը, ինչը կմեծացնի Աբու Դաբիի և Անկարայի միջև լարվածությունը: Մամուլը գրում է, որ ԱՄԷ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կարող է հայտարարվել ապրիլի 24-ին:

Աննա Գզիրյան




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ