Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, ով որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի. Փաշինյան  

Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, ով որևէ այլ 
մոտիվացիայով կառաջնորդվի. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը ներկայացրեց Զինված ուժերի սննդի ապահովմանը միտված Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը:

Փոխնախարարն ասաց, որ անհրաժեշտ է երեք ընկերության մասնակցություն, սակայն դեռևս արձագանքել է երկու ընկերություն:

«Նախագծի նպատակն է առանց ավելացնելու զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցները մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը: Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, բարձրացնել սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն անում այս ծրագիրը մրցույթով, Փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել և փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարե՞լ են, թե՞ բաց կա:

Մակար Ղամբարյանը նշեց, որ պետություն-մասնավոր գործընկերության մեջ ռիսկերի բաշխման, մանրամասն քննարկման կարիք կա, և երկու կողմն էլ պետք է քննարկեն իրենց իրավունքներն ու պարտականությունները:

«Դա բանակցային գործընթաց է ենթադրում, և մասնավորն ապահովություն պետք է ունենա իր ներդրումների համար, իսկ գնումների գործընթացը այդ կարգավորումները չի տալիս»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գնումների մասին օրենքի փոփոխությունները շրջանառության մեջ են:

Նախարարի տեղակալը նշեց, որ մրցակցային պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորություններ տալն է:

«Մեխն այնտեղ է, որ չսահմանափակվի պոտենցիալ հնարավոր մասնակցողի մասնակցելու հնարավորությունը, մենք կարծում ենք՝ ապահովել ենք դա և ծրագիրը կոչել ենք փորձնական»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, թե խնդիրն այն է, որ չունեն ձևակերպված այն խնդիրը, որ ուզում են լուծել:

«Այս փորձի միջոցով պետք է վեր հանենք բոլոր պարամետրերը, որոնք անհրաժեշտ են մրցույթի համար: Հաջորդ խնդիրն այն է, որ վերջին ամիսներին բախվել ենք, որ շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություն է  մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետև պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել, և մատակարարման պրոցեսները դե յուրե կանգնեցվել են»,- ասաց Փաշինյանը և կարևորեց գնումների մասին բարեփոխումները։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին արձանագրեց, որ նախաձեռնել են փոփոխություններ՝ չնայած դա միանվագ նախաձեռնություն չէ:

«2002 թվականին է առաջին օրենքը ընդունվել, և հաճախ պարզ չի եղել քննադատությունը վերաբերում է կարգավորումների՞ն, թե՞ դրանց կիրառմանը: Վերջին նախաձեռնությունը անցած տարվա ամռանն է եղել»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ պետք է բացառեն այս հարցում կոռուպցիոն ռիսկերը և օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծեն, քանի որ այս ոլորտում թեև արել են բացահայտումներ, բայց դրանից իրականությունը չի փոխվել:

«Եթե հին մեխանիզմի փոխարեն նորը չես դնում, հինը հենց այդպես դիզայն արված աշխատում է: Իհարկե, փոփոխություններ արվել են, բայց այդ փոփոխությունները շրջադարձային համարել չի կարելի և այս հարցով նպատակն է ապահովել շրջադարձային փոփոխություն, որ բոլորը կընդունեն հեղափոխական փոփոխություն զինվորների համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով Պաշտպանության նախարարության վրա՝ առավել թափանցիկությամբ գործընթացը լինի և չզուգակցվի որևէ կոռուպցիոն սկանդալով, ինչի համար պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել:

«Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, ով այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի», - ասաց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am