Մաուրիցիո Սարին կհեռացվի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե թիմը պարտվի Լիգայի գավաթի եզրափակչում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է զբաղեցրած պաշտոնից հեռացվելուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրի տվյալներով, անգլիական ակումբի ղեկավարներն իտալացի մասնագետին կհեռացնեն աշխատանքից, եթե թիմն Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում պարտվի «Մանչեսթեր Սիթի»-ին:
Միաժամանակ, նշվում է, որ Սարիի հեռացումը կարող է տեղի ունենալ նաև ավելի վաղ, եթե թիմը դուրս մնա Եվրոպա Լիգայի խաղարկությունից: Մրցաշարի 1/16 եզրափակչում լոնդոնցիների մրցակիցն է շվեդական «Մալմյո»-ն, որի նկատմամբ առաջին խաղում «Չելսի»-ն առավելության է հասել 2:1 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 21-ին:
«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կանցկացվի փետրվարի 24-ին: Մի քանի օր առաջ «Չելսի»-ն Պրեմիեր լիգայի շրջանակներում պարտվել է մանչեսթերցիներին 0:6 հաշվով:
Անգլիայի առաջնությունում լոնդոնցիները 50 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում