Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տիեզերքի ճամփորդը

Տիեզերքի ճամփորդը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային տոն է այսօր։ Ազգովի  հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, բազում դարերի, բոլոր ժամանակների մեր ժողովրդի ամենամեծ ընտրյալի, ամենահարազատի։ Ինչ էլ ասելու  լինենք դարձյալ քիչ է լինելու, որովհետև  ոչ միայն մեր ոսկեղենիկ հայերենը, այլև մարդկային լեզուն ի զորու  չէ բնորոշելու աստվածայինը։ Չէ՞ որ վաղուց է ասված ու ամրագրված, որ Թումանյանն է հեքիաթական դարի ասպետը, լուսավոր աստղը, մեր ժողովրդի գանձն ու պարծանքը, մեր գրականության զարդն ու փառքը (Ավ.Իսահակյան) մեր  անկրկնելի հանճարը, զարմանալի զարմանքն ու Անհաս Արարատը (Չարենց) զորավար­արքան ու Աստվածը (Հրանտ Մաթևոսյան) Տիեզերքը (Համո Սահյան), հանապազօրյա հացը (Գ.Էմին), անհատականացված ազգն ու լավաշ հացը (Պ.Սևակ)։ Սա դեռ ի՞նչ է որ։ Այսպես  բնորոշում է հայը, ինչը հասկանալի է. չէ՞ որ նախ և առաջ մերն է Թումանյանը։

Սակայն չի կարող ազգային մեծությունը չլինել համամարդկային, ի՞նչն է  ստիպում օտարին, որ նա Թումանյանին հռչակի իր հանճարով հողագունդն ընդգրկող՝ «հոգու Աստվածաշունչ» (Նարովչատով)։ Այն, որ Թումանյանը մարդու և արվեստագետի ներդաշնակ ու հանճարեղ միասնություն էր, իբրև Մարդ կատարելություն ու հրաշք, գիտեն նաև վրացիները, որոնց հետ իր կյանքի 40 տարին ապրել է Թումանյանը։ Վրացիների ընկալմամբ՝ «Սուրբ Հովհաննեսը» քաղցր ու, պայծառ , լուսեղեն հանճար է, անբասիր մարդ» «Անտեսանելի տեր Հայաստանի», որի անունը հավիտյան գրվել է վրաց սրնգի վրա, «մարդկային, փառահեղ Մարդ»՝ ասպետական հոգով ՝ հավիտյան բազմած սուրբ երրորդության՝  Ֆիրդուսու, Հոմերի և Ռուսթավելու կողքին։ Իոսեբ Իիմեդաշվիլուն նա հիշեցնում էր գեղեցիկ հեքիաթ՝ միշտ օգտակար պտղատու ծառի մասին։ Նրա համար Թումանյանը «Արևի առաջին ճառագայթ, վաղորդյան թարմաշունչ սյուք, վաղ գարնանը ձնծաղկի արթնացում, մանուշակի ժպիտ» էր, մարդ, որի հայացքից մեղր էր ծորում, իսկ  18-ամյա Նինո Տաբիձեն, առաջին անգամ տեսնելով Թումանյանին Ռուսթավելու պողոտայում, նրան ընկալում է իբրև   բարձրահասակ մի ծերունի , որ « արև էր ճառագայթում» և կյանք ու բերկրանք  տալիս ողջ շրջապատին։ Այդ արև ճառագայթող ծերունին ընդամենը 49 տարեկան էր, իսկ հանդիպման տարեթիվը բանաստեղծի կյանքի ամենաողբերգական  շրջանն էր՝ 1918-ը, հայ ժողովրդի գոյապայքարի  հերոսական ու միաժամանակ ողբերգական գարունը, երբ հայոց պոետի  ուսերին ծանրացել էր  հարյուր-հազարավոր գաղթականների ու որբերի հոգսը, իսկ սրտում ահագնացել էր հայրենիքի կորստի, ցեղասպանության ու անձնական տառապանքը, հայոց վիշտը՝ իր ողջ ծավալով։ Եվ այդ տառապանքներից աչք չբացող բանաստեղծն իր քայլքով  ու մարդկանց պարգևած ժպիտով Ռուսթավելու լուսավոր փողոցում օրը ցերեկով ավելացնում է լույսը՝ ճառագելով որպես արև։

 Սակայն նրան բոլորը, մենք էլ նրանց հետ միասին չենք կարող մատնացույց անել Թումանյանի առելի մեծությունը։ Ո՞վ կարող է չափել մի մեծությունը, որի ներսում ամենքն են, ավելի մեծը դեռ չի ծնվել, որ կարողանա տեսնել այն։

Մեր ազգային մշակույթի բազմադարյան կյանքում Թումանյանի անունը հավասարի իրավունքով կարող է դրվել միայն Մաշտոցի՝ որպես հայ գրերն արարող և դրանով  հայ ազգին անմահություն պարգևող, Խորենացու՝ որպես պատմության հիմնաքարը դնող և դրանով ազգային գոյության թիկունքն ապահովող, Նարեկացու՝ որպես  Արարչի հետ զրույցի բռնված և իր հանճարի համամարդկային գույնով աշխարհին շլացնող, անունների կողքին։ Բայց ոչ միայն նրանց. Թումանյանը Հայաստանի սահմանները չի ընդարձակել, հակառակը կրել է իր մեջ հայրենազրկության անփարատ վիշտը, բայց նրա անունը նաև Տիգրան Մեծի կողքին է, նաև յուրաքանչյուր մեծահարուստ բարերարի՝ Մանթաշովի, Գյուլբեկյանի և այլոց, թեև պարտատերերից ազատ օր ու ժամ չի ունեցել։ Իր քաջությամբ ու արիությամբ, զոհաբերվելու կարողությամբ նա կարող էր մրցել Վարդան Մամիկոնյանի ու Անդրանիկի, Նժդեհի և  հայ պետականությանը նախանձախնդիր յուրաքանչյուր  արքայի հետ, իր առողջ մտածողությամբ և իմաստությամբ նա կարող է մրցել ոչ միայն հայ, այլև աշխարհի ցանկացած փիլիսոփայի ու գիտնականի հետ։

Բոլոր համեմատությունները կաղում են, մանավանդ երբ խոսքը Թումանյանի մասին է։ Նա բացարձակ մեծություն է, անհամեմատելի, քանի որ թվարկվածներից յուրաքանչյուրը մեծ ու հանճարեղ է մի ոլորտում, Թումանյանը տիեզերական մեծություն է, քանի որ իր մեջ ներառում է մեր բոլոր հանճարների լույսը։ Հենց այդ է պատճառը, որ նա մեր մեծերի մեծն է, մեր ամենա-ամենան։ Նա և զինվոր է և գեներալ, և արքա ու սպասավոր հազարավոր գաղթականների, և հրապարակախոս ու քննադատ, և բանաստեղծ ու գործիչ, իր ժողովրդին զենք ու զինվոր մատակարարող և խաղաղության պատգամախոս. Ամենայն հայոց՝ միշտ ու բոլոր ասպարեզներում, գրականության մեջ ու  ամենուր՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Նրա ծնունդը պատահական չէր։ Նա եկել էր, որ իր հոգում կրելով ողջ ազգի ողբերգությունն ու տառապանքը իր «խնդացող տխուր, վշտաբեկ ուրախ» սրտով դարմաներ  ցեղասպանության ու Եղեռնի առաջացրած անբուժելի վերքը, պատգամեր ոչ միայն չսպանել սպանողին, այլև չանիծել հրեշին, սակայն միշտ պայքարել՝ հիշելով, որ «Չարն էլ է միշտ ապրում անմեռ»։ Անկեղծությունն ու ազնվությունը Թումանյանի էությունն է։ Նա չի խաբում նույնիսկ երեխային, մի կողմից չի թաքցնում, որ քաջնազարներն ու ձախորդփանոսները, կիկոսներն  ու«քեֆչի» հասանները միշտ ապրում են, որ անխելքներն այսպես թե այնպես գայլի կերակուր են դառնալու, միշտ լինելու է ուրիշի ունեցվածքը յուրացնող ուստա փիսո, սակայն մյուս կողմից կարողանում է այդ ամենի դեմ հավերժ մաքառելու կամք արձանագրել, որպեսզի մի կաթիլ մեղրը չարիքի աղբյուր չդառնա։ Այլ կերպ լինել չի կարող։

Թումանյանն էր  իր ազգի թե՛ անհատակ ցավի ու ողբերգության, և թե՛ նրա մեծ կենսունակության, կենսասիրության ու գոյատևման  հավատի առհավատչյան։  Այս հանգամանքը առավել ցայտուն դրսևորվեց 1914-1915թթ.  բանաստեղծի ազգային- հասարակական գործունեության մեջ, որն իր բազմաշերտ ու տարողունակ բովանդակությամբ գրողի անձնազոհ հայրենասիրության պատգամն է այսօրվա և ապագա սերունդներին՝ ոչ թե խոսքով, այլ գործով չխնայել ոչինչ։ Շատերը չխնայեցին իրենց կյանքը, հերոսների պակաս չունենք, բայց ոչ ոք, ոչ ոք կամովին չդրեց հայրենիքի զոհասեղանին  ամենաթանկը՝  բոլոր զավակների կյանքը։ Ցեղասպանության տարիներին բանաստեղծի սխրանքները  սեփական ժողովրդի ճակատագրի հանդեպ  պատասխանատվության ողջ ծանրությունը գիտակցելու հերոսական դրսևորումներ էին։ Պատասխանատվություն, որ կարող էին զգալ  միայն չափազանց խոշոր անհատները։ Եղեռնի օրերին նա քայլում էր Արևմտյան Հայաստանի արյունոտ ճանապարհներով, սառած ճանապարհներով, որոնց վրա ձիերն անգամ սայթաքում ու չէին դիմանում, իսկ նա քայլում էր, կռիվ տալիս ռուս գեներալների հետ, իր անմար ժպիտով ու բուժիչ խոսքով հույս տալիս ցեղասպանություն տեսած արևմտահային, կանգնում նրա կողքին, ոգևորում հայ կամավորին։ Մի քանի անգամ հրաշքով փրկվեց նրա կյանքը։ Իսկ Էջմիածնում դարձավ որբերի հայրիկ։ Նա մանկագիր էր, որն Էջմիածնում ոչ միայն փրկում էր որբերին,  հետագայում նրանցից ոմանց տանում ու իր տանը պահում, այլև զբաղվում էր թաղման հարցերով։ Մանկագիրը ամեն օր մանուկներ էր թաղում և դիմանում էր, որպեսզի համաճարակից փրկի մյուսներին։ Եվ դեռ դստերն էլ կողքին էր պահում, վտանգում նրա կյանքը։ Թումանյանը առհասարակ խորհրդանիշ է՝ խորհրդանիշ զոհաբերության, բարության, հայի ու հայկականության, ազգային միասնության, արվեստի ու գրականության, անարատ Մարդու, կատարելության։

Կյանքի բոլոր հանգամանքներում, ամեն ինչում և ամենուր  պոետը պահպանում էր  չափի զգացումը. բացառություն են կազմում նրա բարությունը, հավատն ու անձնազոհությունը, մինչև վերջին շունչը ամենքի հետ ապրելու և ամենքի չափ տառապելու առաքելությունը. այստեղ նա չափը չէր ճանաչում։ Այո՛. Թումանյանը հավասարակշռված տաղանդ էր, բայց  բարություն անելիս, ազգի համար զոհաբերվելիս   չափ ու սահման չէր  ճանաչում։

Բանաստեղծը դժոխքում էր, որտեղ  կարողացավ Կոմիտասի՝ իր հոգեղբոր պես չխենթանալ, որովհետև գործելու առաքելություն ուներ, որովհետև նրա արիությունը ինքնատիրապետման մեջ էր։ Փոթորկահույզ կյանքը Թումանյանին դարձրեց Եղեռնի նույնքան մեծ զոհ, որքան  իր հոգեղբայր Կոմիտասն է, որքան իր ողջ ժողովուրդն էր։ Երկարակյաց տոհմի շառավիղ էր։ Նրա պապերն ապրում էին 100 տարուց ավելի և դեռ դժգոհում էին, թե «Արժե՞ր էս երկու օրվա համար աշխարհ գալ»։ Իսկ բանաստեղծն ապրեց նրանց կեսի չափ և 40-ը չբոլորած արդեն ալեհեր ծերունի էր։  Նա հրկիզվեց իր ազգին պատուհասած աղետների հրդեհում, ուր նետվել էր ինքնակամ, այրվեց  այդ հրդեհները մարելու համար, այրվեց մարդկային կյանքեր փրկելու, նրանց սկիզբ ու վերջ չունեցող հոգսերը  հոգալու համար։ Միշտ ուրիշների, ամենքի համար պատարագ արեց, իսկ իր համար մի մոմ չվառեց, այլ վառվեց ինքը, որպեսզի լույս տալով սպառվի.

Քանի՜ ձեռքից եմ վառվել,

Վառվել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել` լույս տըվել,

Լույս տալով եմ ըսպառվել։

Այդպես է. ով ուզում է լույս տա, նա պետք է էրվի. սա է թումանյանական ճշմարտությունը և այն  ապացուցելու կարիք չունի։  

Թումանյանը  խտացումն է հայ ազգային և համամարդկային ոգու։  Իսկ ոգին անմահ է։

ՍՈւՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am