Վարչապետը համաձայն չէ կառավարության ծրագրի չափելի չլինելու պնդումներին
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն պնդումներին, թե կառավարության ներկայացրած ծրագիրը չափելի չէ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց փետրվարի 12-ին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հնչեցրած հարցին ի պատասխան:
«Ես համաձայն չեմ, որ կառավարության ծրագիրը չափելի չէ: Կառավարությունը ներկայացնելու է բյուջեի կատարման հաշվետվություն: Ըստ նոր սահմանադրության, ամեն տարի մինչև մարտի 1-ը կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքը: Անընդհատ, օպերատիվ ԱԺ բյուջետային գրասենյակը ստանում է բյուջեի հավաքագրման ցուցանիշները: Աղքատության ցուցանիշը շատ չափելի բան է: Երկու տարին մեկ հետազոտություն է իրականացվում, և աղքատության ցուցանիշ է հրապարակվում: Մենք շատ չափելի բաներ ենք ասում: Պարզ բան ենք ասում»,- ասաց վարչապետը:
ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։
Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը, Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր), Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն), Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր), Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն), Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա), Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում), Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում