Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մինաս Ավետիսյանի որդին բարձրաձայնել է հոր «Գիշեր» որմնանկարի փրկության հարցը

Մինաս Ավետիսյանի որդին բարձրաձայնել է հոր «Գիշեր» որմնանկարի փրկության 
հարցը

 ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինաս Ավետիսյանի հայտնի որմնանկարներից մեկը` «Գիշեր»-ը, որը գտնվում է Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում, կործանման եզրին է: Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը և  «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը նախահաշվարկներ են իրականացնում պարզելու, թե որքան գումար է անհրաժեշտ որմնանկարը փրկելու համար և պատրաստվում են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն` ակնկալելով աջակցություն, քանի որ որմնանկարը գտնվում է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք այս մասին հայտնեցին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերից մեկի շրջանակում Մինասի ութ որմնանկար է ամրակայվել և փրկվել: Մնացել էր վերականգնել «Գիշեր» գործը,  որն ամենավատ վիճակում է: Հերթը դրան չէր հասնում, քանի որ  կազմակերպությունները, անհատները, որոնք վճարում էին որմնանկարը  տեղափոխելու համար, առաջին հերթին աշխատում էին պատից հեռացնել և վերականգնել այն գործերը, որոնք ավելի քիչ էին վնասված»,-պատմեց Արման Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ «Գիշեր»-ը 1973 թվականին է ստեղծվել: «Գործարանում կա երկու որմնանկար` «Գիշեր»-ը և «Ցերեկ»-ը, որոնք իրար դիմաց են: Շատ հետաքրքիր լուծում է, ավաղ «Ցերեկ»-ը չի պահպանվել»,-ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով` վերջին անգամ անցյալ տարի ամռանն են բարձրաձայնել որմնանկարի պահպանման հարցը: «Հանդիպել եմ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, բայց այդ ժամանակ նախարարությունը չէր կարող որևէ ծրագիր իրականացնել այդ ուղղությամբ»,- նշեց Ավետիսյանն ու հավելեց, որ նախկինում որմնանկարի պահպանության համար հաշվարկներ իրականացրել են, բայց հիմա հաշվարկը վերանայել է պետք: «Հավանաբար, շուրջ 20-25 000  ԱՄՆ դոլար անհրաժեշտ կլինի «Գիշեր»-ը վերականգնելու համար»,-շեշտեց թանգարանի տնօրենը:

Նա պատմեց, որ 1988 թվականին Մշակույթի նախարարությունում  վերականգնման  լաբորատորիա կար: «Երբ հայ մասնագետները «Գիշեր» որմնանկարը  վերականգնելու նպատակով կտրել, հանել էին որմնանկարի մի մասը, լուր են ստանում, որ լաբորատորիան փակվել է, և աշխատանքներն այլևս չեն կարող  ֆինանսավորվել: Վերականգնողները պատից հանված կտորները դնում են պատի տակ ու մեկնում Երևան՝ պարզելու, թե ինչ հարցեր են ծագել: Երբ վերադառանում են, տեսնում են, որ այդ կտորները գրեթե ոչնչացվել են` ընկնելով ոտքի տակ: Նրանք հասցրել էին ամբողջությամբ պատից հանել «Ցերեկ» որմնանկարը, այդ իսկ պատճառով այն գրեթե չի պահպանվել»,- ներկայացրեց Ավետիսյանը:

Թանգարանի տնօրենը հավելեց, որ վատ վիճակում են նաև Ազատան գյուղի մշակույթի տան որմնանկարը` «Սարերում»-ը և Վահրամաբերդ համայնքի «Արմենիա» որմնանկարը, որն ամրակայված է, բայց պատը խոնավանում է, և այն վնասվում է:

Արման Ավետիսյանը որմնանկարների պահպանման համար առաջարկեց  Մոնումենտալ արվեստի թանգարան ստեղծել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am