Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեր, նվիրում, կասկածամտություն. Դրամատիկական թատրոնում անգլիական  կատակերգություն է բեմադրվում

Սեր, նվիրում, կասկածամտություն. Դրամատիկական թատրոնում անգլիական  
կատակերգություն է բեմադրվում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի դրամատուրգներ Ռեյ Կունիի և Ջոն Չեպմենի «Տիկնայք և պարոնայք» պիեսը պատմում է մի նամակի պատճառով առաջացած խառնաշփոթի և իրարանցման մասին, որի արդյունքում անգամ սիրող զույգերն են կարող վտանգել իրենց ամուսնությունը: Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը ձեռնամուխ է եղել պիեսի բեմադրությանը, որը, հավանաբար, թատերասերների դատին կհանձնվի մարտին:

Ներկայացման մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանական կազմի մի քանի ներկայացուցչի հետ:

Պիեսի հետաքրքիր կերպարներից մեկին` Հենրի Լոդջին մարմնավորած դերասան Արտաշես Մխիթարյանը, որը նաև պիեսի թարգմանության վրա է աշխատել, խոստովանեց, որ, ի տարբերություն իր այլ դերերի, Լոդջի կերպարը կերտելն այնքան էլ դժվար չէր, փոխարենն այն դերասանի համար նոր է ու հետաքրքիր:

«Վերջին շրջանում բեմադրություններում կենտրոնական կերպարների եմ մարմնավորել, իսկ այստեղ, կարելի է ասել, որ երկրորդ պլանում եմ: Ըստ իս` յուրահատուկ լեզվամտածողություն, հումոր, հարաբերություններ, իրավիճակների արագ զարգացումներ կան այս պիեսում»,-ընդգծեց դերասանը:

Անդրադառնալով թարգմանությանը` Մխիթարյանն ասաց, որ նյութը ռուսերենից թարգմանել է Արմեն Խանդիկյանի հետ, վերջինս այն նաև խմբագրել և սրբագրել է: «Հնչողության հարց կա. անգլիական հումորները հայերենով  այլ կերպ են հնչում: Ադապտացիան դժվար է, բայց առանց բառացի թարգմանության փորձում ենք մտահղացումը պահել: Փորձերի  ընթացքում անընդհատ նոր լուծումներ են գտնվում: Խանդիկյանը միշտ նոր մոտեցումներ է առաջարկում, որպեսզի պիեսը հետաքրքիր լինի նաև 21-րդ դարի թատերասերին»,-շեշտեց նա:

Պիեսի գլխավոր կերպարներից մեկին` Յոհաննա Մարկհեմին մարմնավորած դերասանուհի Նարինե Պետրոսյանի խոսքով` տվյալ դերասանական խմբի հետ համագործակցել է ոչ միայն թատրոնում, այլև հեռուստատեսային նախագծերում:

Ըստ դերասանուհու` մատուցվում է բարձրակարգ անգլիական կատակերգություն, որը պարզապես ծիծաղ չէ, որ առաջացնելու է: Հերոսները յուրօրինակ, անսպասելի իրավիճակներում են հայտնվում, իսկ ամբողջ պատմությունը պտտվում է միմյանց սիրող ամուսինների շուրջ: «Մարկհեմը գնահատում է ամուսնու աշխատանքը, բայց ուշադրություն է պահանջում իր հանդեպ, երբ դա պակասում է, նա ավելին է ցանկանում` ճնշելով զուգընկերոջը, բայցև անում է ամեն ինչ, որ ամուսինը պահպանի իր աշխատանքն ու բարձունքների հասնի»,-ներկայացրեց Պետրոսյանը:

«Այս գործը ենթավերնագրել ենք, որպես «Մի նամակի պատմություն»: Զարմանալի է,  երբ փոքր բանից` նամակից, լուրջ պատմություն է ստեղծվում ու հասունանում: Գործող հերոսներից յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում և մեկնաբանում նամակի բովանդակությունը»,-պատմեց դերասան Նիկոլայ Ավետիսյանը:

Նա մանրամասնեց, որ Ալիստեր Սպենլոուն, որին մարմնավորել է, դիզայներ է: «Ալիստերն ակամայից է հայտնվում ստեղծված բարդ իրավիճակում, և հենց  նրա «թեթև ձեռքով» է ամեն ինչ թեժանում: «Հերոսներից ոմանք կարծում են, որ Ալիստերը սիրահարված է տանտիկնոջը, ինչի արդյունքում խանդ է առաջանում: Ներկայացման բոլոր կերպարները չափազանց կասկածամիտ են, բայց փայլուն կարողանում են վերահսկել իրավիճակը»,-նշեց Ավետիսյանը:

Դերասանը հավելեց, որ խաղաոճի առումով պիեսը հստակ պահանջներ ունի. կան անհարթություններ, բարդություններ, որոնք փորձում են հաղթահարել: «Նման կոմեդիաներում խաղալիս պետք է հումորը պատշաճ ներկայացնելու չափի զգացողություն ունենալ և չէժանանալ, ինչը բավականին բարդ է: Բայց մենք ապահով ձեռքերում ենք, քանի որ Արմեն Խանդիկյանն իր գործի վարպետն է, և բոլորս վստահում ենք նրան»,-եզրափակեց Նիկոլայ Ավետիսյանը:

«Տիկնայք և պարոնայք» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Մարիամ Ադամյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Էվելինա Շահիրյանը, Էրիկ Սարգսյանը, Ալիսա Մելիքսեթյանը, Էմմա Մանուկյանը:

Նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Կարեն Գրիգորյանն է:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am