Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Եվրոպայի և Իրանի փոխհարաբերությունները ուսանելի պետք է լինեն Հայաստանի համար


ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների՝ միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալուց հետո Իրանի և Եվրոպայի միջև սկսված բանակցությունների արդյունքում հունվարի 31-ին ձևավորվեց այն գործիքակազմը, որի միջոցով Իրանը հնարավորություն է ստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ ֆինանսական գործարքներ իրականացնել, որի հաջող ընթացքն ինչ-որ առումով կարող է մեղմել ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները:

Ասել թե, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, Իրանի հետ ձեռք բերելով վերոնշյալ համաձայնությունը, անտեսում են Միացյալ Նահանգների՝ Իրանի նկատմամբ ունեցած մտահոգությունները, իհարկե սխալ է: Բնականաբար Մերձավոր Արևելքում Իրանի գործունեության, ԻԻՀ հրթիռային համակարգերի հարցում, ընդհանուր առմամբ՝ միջուկային համաձայնությունից դուրս Եվրամիության և ԱՄՆ-ի դիրքորոշումները մեծ հաշվով համընկնում են: Սակայն դրանով հանդերձ՝ պարզապես այդ երկրներից յուրաքանչյուրը փորձում է առկա իրողության պայմաններում առավելագույն տնտեսական օգուտներ ստանալ Իրանի հետ համագործակցությունից:

Օրինակ շուրջ տասն օր առաջ Գերմանիան արգելեց իրանական «Mahan» ավիաընկերության թռիչքներն իր տարածքում, դրան հետևեց պաշտոնական Թեհրանի մտահոգությունը, սակայն դա ամենևին էլ չխանգարեց ֆինանսական փոխգործակցության հարցում ձեռք բերված պայմանավորվածությանը:

Ավանդաբար Գերմանիան նշանակալի ներկայություն է ունեցել Իրանի շուկայում: Նույնիսկ Իրանի նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցների ընթացքում Բեռլինը միշտ որոշակի վերապահումներ է ունեցել ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ՝ փորձելով Թեհրանի հետ պահպանել տնտեսական համագործակցությունը:

Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղղակի առևտրային համագործակցություն գոյություն չունի, այնինչ՝ եվրոպական առաջատար երկրները, ինչպիսիք են՝ Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Իտալիան գտնվում են Իրանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում:

Ի դեպ, վերոնշյալ բոլոր երկրների հետ Հայաստանն ունի սերտ հարաբերություններ, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում:

Իրանական ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշով՝ Գերմանիան Իրանի առևտրային 4-րդ գործընկերն է՝ շուրջ 2 մլրդ. դոլար առևտրաշրջանառությամբ: 5-րդ տեղում Շվեյցարիան է՝ 1 մլրդ. 900 մլն.  դոլար ցուցանիշով: Ֆրանսիան և Հոլանդիան գտնվում են 9-րդ և 10-րդ տեղում՝ համապատասխանաբար ունենալով 1 մլրդ. և 900 մլն. դոլար առևտրաշրջանառություն:

Եվրոպայի և Իրանի միջև առկա փոխհարաբերությունները ուսանելի պետք է լինեն նաև Հայաստանի համար: Ցավոք սրտի Իրանի հետ համագործակցության մասին խոսելիս, միայն կենտրոնանում ենք ամերիկյան պատժամիջոցների վրա՝ չգիտես ինչու անմիջապես բացառելով համագործակցությունը, այնինչ՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Հայաստանի՝ Եվրամիության առաջարկած GSP+ համակարգի ընձեռած հնարավորությունները, ՀՀ-ի՝ Իրանին սահմանակից լինելու հանգամանքը Հայաստանին հնարավորություն են տալիս օգտվել Իրանի և Եվրամիության միջև առկա համագործակցությունից:

Կարևոր է նաև ընդգծել, որ Եվրամիության ֆինանսավորմամբ նախատեսվում է վերանորոգել Մեղրիի անցակետը, իսկ ՀՀ կառավարությունն էլ ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման աշխատանքները շարունակելու է առավել դժվարանցանելի տեղանքում՝ Սիսիանից մինչև Իրանի սահման:

Այդ համատեքստում ուշագրավ է, որ Գերմանիան վերջերս ցանկություն է հայտնել Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում՝ Թավրիզ քաղաքում բացել հյուպատոսություն:

Ի դեպ, Ռուսաստանն էլ ցանկություն ունի վերաբացել Թավրիզում ՌԴ հյուպատոսությունը, Թավրիզում հյուպատոսություն ունի նաև Ադրբեջանը:

Ինչպես նկատում ենք, համագործակցության դաշտը լայն է՝ տալով բազում հնարավորություններ: Բնական է, որ ոչ բոլոր նախաձեռնություններն են, որոնք հնարավոր է կյանքի կոչել, սակայն որևէ լուրջ նախագիծ հնարավոր չէ իրականացնել, եթե չկա բարենպաստ պայման և ամենակարևորը՝ համագործակցության փորձ:

Ուստի Հայաստանի անելիքը պետք է լինի նախաձեռնողականությունը՝ փորձելով ոչ միայն մասնակցություն ունենալ Իրանի և Եվրոպայի համագործակցությանը, այլ փորձել վերևում նշված հնարավորություններն օգտագործելով՝ Իրան-Եվրոպա համագործակցության համար հարթակ ձևավորել՝ դրանում ներգրավվելով ինչպես Վրաստանին, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներին:

Արմեն Իսրայելյան

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ