Տնտեսություն

Հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ զգուշացում են ստացել. 10-ը զրկվել են լիցենզիայից

2 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ զգուշացում են ստացել. 10-ը զրկվել են լիցենզիայից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ տուրքերը չվճարելու և մի շարք այլ պատճառներով զգուշացում եմ ստացել։ 10 հանքարդյունաբրեող ընկերություններ զրկվել են լիցենզիայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 30-ին Երևանում «ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցի» ներկայացմանը լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը:

«Զգուշացում է տրվել մետաղական շահագործում իրականացնող 12 և ավելի քան 60 ոչ մետաղական կազմակերպությունների: Ոչ մետաղականներից 10-ը զրկվել են լիցենզիաներից: Մետաղականների մասով գործընթացներն արդեն 3 ամիս է, ինչ սկսել ենք և դեռ շարունակելու ենք»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ զրկելու կամ զգուշացում տալու գլխավոր հիմքը տուրքերի, բնապահպանական մոնիտորինգի համար չվճարումներն են: Կան նաև պայմանագրային պարտավորություններ, որոնք ընկերությունները ստանձնել են լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով։ Դրանց չկատարումը ևս հիմք է հանդիսացել զգուշացման համար:

Գևորգյանը շեշտեց, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամակցությունը գալիս է լուծելու մի շարք խնդիրներ: Ողջ տեղեկատվությունը դառնում է բաց հանրության, ՀԿ-ների, նաև պետական մարմինների համար:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է:

Հայաստանի ԲՇԽ (բազմաշահառու խումբ) առաջին կազմը ստեղծվել է 2016թ., որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով: ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017-ի մարտի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում