Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բանակը պետք է մասնակցի երկրի տնտեսության զարգացմանը. Արմեն Սարգսյան

Բանակը պետք է մասնակցի երկրի տնտեսության զարգացմանը. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակը պետք է կոնկրետ խնդիրներ դնի, գեներացնի ուժերը և ընդհանուր առմամբ լոկոմոտիվի դեր տանի: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ բանակը պետք է մասնակցի տնտեսության զարգացմանը:

«Բանակը, խնդիրներ դնելով, պետք է ակնկալի ժամանակակից ու նորարարական, նաև հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների: Մենք կարող ենք մերը ստեղծել, մեր օրինակն ունենալ: Բանակը խնդիր ունի մասնակցելու ոչ միայն երկրի պաշտպանությանը, այլև տնտեսության զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Լրագրողները հետաքրքվեցին, թե կառավարության կառուցվածքային փոփոխություններով, նոր ստեղծվող նախարարությամբ որքանով հնարավոր կլինի այդ խնդիրները լուծել:

«Թե ինչպիսին պետք է լինի կառավարության կառուցվածքը, դա նույն կառավարության ու վարչապետի գործն է: Նույն աշխատանքը կարելի է անել 10 հոգով կամ 20 հոգով: Ես վստահ եմ, որ մեր վարչապետը մտածում է այնպես անել, որ ավելի արդյունավետ լինի կառավարությունը: Ես իմ անձնական փորձառությունն ունեմ, իմ պատկերացումներն ունեմ, բայց մի բան հստակ է լուծումը միայն կառուցվածքային չի լինելու, այլ, ըստ էության: Մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը վաղը կամ մյուս օրը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի, բայց մենք ի վիճակի ենք դրանց մի մեծ մասը ինքնուրույն ստեղծել ու վաճառել: Եթե մենք որևէ արժեքավոր գաղափար, նոր զենքի տեսակ առաջարկենք, գերտերությունները հաճույքով մեզնից կգնեն: Մենք պետք է նայենք աշխարհին, տեսնենք, թե ով ինչ ունի, սովորենք, համոզենք, բերենք այստեղ, համատեղ աշխատենք: Սա, իհարկե, ժամանակ է պահանջելու»,-հավելեց նախագահը:

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am