Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

«Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու» թեզը և դրա շուրջ շահարկումները


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթ՝ հունվարի 16-ին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարների թվով չորրորդ այս հանդիպման հետ կապված համանախագահները տարածեցին նաև հայտարարություն: Այն, ըստ էության, իր տրամաբանությամբ նախորդ մի քանի հայտարարությունների շարունակությունն է: Համանախագահները հայտարարությունում փորձել են ընդգծել դրական միտումների առկայությունը, որոնք հնարավորություն կարող են ստեղծել բանակցային գործընթացը խթանելու համար: Ավելին, այդ միտումների հետ կապված արդեն իսկ դրականորեն են արձագանքել տարբեր միջազգային կառույցներ (օրինակ՝ ՄԱԿ, ԵՄ և այլն):

Ուշագրավ է սակայն, որ համանախագահների հայտարարությունում տեղ գտած ձևակերպումներից մեկը հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից վերջին օրերին դարձել է տարաբնույթ մեկնաբանությունների և անգամ շահարկումների առարկա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման  հարցին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Նախ պետք է ընդգծել, որ ըստ հայտարարության, երկու երկրների ԱԳ նախարարները համակարծիք են, որ կա ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլերի անհրաժեշտություն: Սա զուտ տեսական ձևակերպում է, ոչինչ ավելին: Որևէ խոսք չկա, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ կողմը ինչպես է աշխատելու սեփական հանրության հետ, ինչպես են այդ քայլերը վերահսկվելու համանախագահների կողմից և այլն: Չնայած այս ամենին՝ հայտարարության տվյալ հատվածը (որոշ դեպքերում ոչ ճշգրիտ թարգմանությամբ) առաջացրել է տարաբնույթ արձագանքներ՝ ողջունող գնահատականներից մինչև պարտվողական, ապոկալիպտիկ կանխատեսումներ, ինչն, անշուշտ, հանրության մոտ առաջացնում է որոշակի անորոշություն: Ծայրահեղ լավատեսական կամ ծայրահեղ վատատեսական մեկնաբանություններում անտեսվում է սակայն այն, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերը աննախադեպ չեն և նախկինում տեղ են գտել թե՛ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններում, թե՛ քաղաքական գործիչների ելույթներում: Օրինակ՝ համանախագահների, համանախագահող երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների նախկին առնվազն յոթ հայտարարություններում կարելի է հանդիպել հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության վերաբերյալ շեշտադրումների (2006թ. մարտ, 2010թ. հունիս2011թ. մարտ, 2012թ. մարտ, 2013թ. հունիս, 2016թ. դեկտեմբեր, 2017թ. փետրվար): «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու» թեզին կարելի է հանդիպել անգամ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչների ելույթներում: Նման շեշտադրումներ ժամանակին արել է թե՛ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը (2011թ. հունիս, 2014թ. հունվար), թե՛ արտաքին գործերի նախկին նախարար Է. Նալբանդյանը (2013թ. հունիս, 2016թ. դեկտեմբեր), թե՛ այլ իշխանական գործիչներ:

Հայկական կողմն, ըստ էության, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարևորում է հասարակություններին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար անհրաժեշտ կարևոր նախադրյալ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացությամբ աչքի ընկնող Բաքվի համար նման գործելաոճը խորթ է, ինչի մասին հայկական կողմը մշտապես բարձրաձայնել և շարունակում է բարձրաձայնել:

Ամփոփելով նշենք, որ համանախագահների հայտարարության մեջ որևէ նորարարական տարր չկա. բոլոր շեշտադրումներն էլ տարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով նախկինում ևս բարձրաձայնվել են: Ինչ վերաբերում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հարցին, ապա այսօր հազիվ թե որևէ բանական էակ կասկածի տակ դնի այն, որ կա նման անհրաժեշտություն, եթե, իհարկե, հակամարտութունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու կողմնակից է: Հայկական կողմը թե՛ այսօր, թե՛ նախկինում այս հարցում եղել է կառուցողական, և թեմայի հետ կապված տարաբնույթ շահարկումները առավել քան անհիմն են:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ