Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախկին նախարար Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար

Նախկին նախարար Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես 
խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Արամ Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

«Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբերի ընթացքում, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Հ.-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում Ս. Հ.-ն բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Արամ Հարությունյանը հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]