Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Նորընտիր Ազգային ժողովը և խորհրդարանական դիվանագիտությունը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր իշխանություն և կառավարության նկատմամբ վերահսկողական կարևոր գործառույթ, այլ նաև երկրի արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի դերակատարման հնարավորություն: ՀՀ բոլոր գումարումների խորհրդարաններն, անշուշտ, ունեցել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցության մեխանիզմներ, սակայն այդ ամենը չի կրել ինստիտուցիոնալ և համակարգված բնույթ՝ հնարավորություն չտալով լիարժեք օգտագործել այդ ոլորտում առկա ներուժը:

 Խորհրդարանական կառավարման ձևի անցնելուց հետո, երբ խորհրդարանի դերակատարումն էապես բարձրացավ՝ հիմքեր ստեղծվեցին նաև խորհրդարանական դիվանագիտության մեխանիզմների վերանայման և նրա ինստիտուցիոնալ կայացման համար: 6-րդ գումարման խորհրդարանն այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկեց և այժմ 7-րդ գումարման Ազգային ժողովը խնդիր ունի ոչ միայն շարունակել խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացը, այլ նաև քայլեր ձեռնարկել նրա արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ:

Խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում բավական մեծ է ԱԺ հանձնաժողովների, մասնավորապես՝ Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի  մշտական հանձնաժողովների դերակատարումը: Հաշվի առնելով, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդիսանում է գլխադասային, այն, ըստ էության, պետք է իրականացնի խորհրդարանական դիվանագիտության համակարգման և զարգացման գործընթացը: Այս հարցում, թերևս, առկա է խորհրդարանական դիվանագիտության կոնցեպտի մշակման անհրաժեշտություն, որը կարող է դառնալ ուղեցույցային տվյալ ոլորտում ներգրավված խորհրդարանականների համար:

Բավական կարևոր է նաև խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմի արդյունավետության բարձրացման խնդիրը: Այս առումով անհրաժեշտ է ոչ միայն հնարավորինս իրացնել առկա միջխորհրդարանական հանձնաժողովների (Հայաստան-Արցախ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Բելառուս և այլն) ընձեռած հնարավորությունները, այլ նաև քայլեր ձեռնարկել այլ երկրների խորհրդարանների հետ փոխգործակցության նման բարձր ձևաչափերի հաստատման ուղղությամբ:  Ինչ վերաբերում է միջխորհրդարանական համագործակցության կառույցներում (ԵԽԽվ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրանեսթ, ԱՊՀ ԽՎ և այլն) հայկական խորհրդարանական պատվիրակությունների գործունեությանը՝ անհրաժեշտ է, որ նորընտիր պատգամավորները հնարավորինս արագ կարողանան խորամուխ լինել այդ հարթակներում աշխատանքի նրբություններին, հայկական շահերը արդյունավետ պաշտպանելու մեխանիզմներին: Նման առաջին «քննությունները» պետք է դառնան ԵԽԽՎ ձմեռային նշտաշրջանը, որը կկայանա հունվարի 21-25-ը և ԵԱՀԿ ԽՎ ձմեռային հանդիպումը՝ փետրվարի 21-22-ը, որոնց շրջանակներում, ամենայն հավանականությամբ ադրբեջանական և թուրքական պատվիրակների կողմից կլինեն հակահայկական բնույթի քայլեր:

 Խորհրդարանական դիվանագիտության մեկ այլ կարևոր գործիք, որի ողջ ներուժը երբեք լիարժեք չի իրացվել, բարեկամական խմբերն են: Տարբեր երկրների հետ Հայաստանի փոխգործակցության ամրապնդման համար նորընտիր պատգամավորները խնդիր ունեն ակտիվացնել բարեկամական խմբերը՝ նրանցից յուրաքանչյուրի համար մշակելով և սահմանելով հստակ օրակարգ:

Խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտի կայացման և արդյունավետության բարձրացման գործընթացում հաջողելու համար 7-րդ գումարման խորհրդարանը պետք է ունենա նաև բավական արդյունավետ փոխգործակցության մեխանիզմներ ինչպես ՀՀ ԱԳՆ-ի, այնպես էլ հայաստանյան փորձագիտական-վերլուծական շրջանակների հետ: Նման փոխգործակցությունը կարող է ոչ միայն նպաստել խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմի գործունեությանը, այլ նաև այն դարձնել առավել նախաձեռնողական և պրոակտիվ:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ այն հանգամանքը, որ նորընտիր Ազգային ժողովի կազմի հիմնական մասը նոր է, մի կողմից որոշակի մարտահրավերներ է պարունակում ՀՀ խորհրդարանական դիվանագիտության շարունակականության ապահովման տեսանկյունից, մյուս կողմից այն նաև հնարավորություն է այս ոլորտում սկզբունքային վերանայումների համար, ինչը կարող է հանգեցնել այդ կարևորագույն ինստիտուտի արդյունավետության շեշտակի բարձրացման:

Նարեկ Մինասյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ