Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ՝ իրենց խմբակցության ելույթները «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ չեն

Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ՝ իրենց խմբակցության ելույթները «Բարգավաճ 
Հայաստան»-ի դեմ չեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության` ԱԺ փոխխոսնակի մասին ելույթներն ուղղված չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Լուսավոր Հայաստան»-ի ելույթներն ուղղված են այդ պաշտոնի համար թեկնածու չունեցող խմբակցությանը` «Իմ քայլ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 15-ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք: ԲՀԿ-ի մեր գործընկերները փորձեցին իրենց ելույթներով մեզ պատասխանել: Հնչել է միտք, որ «Լուսավոր Հայաստան»-ն ընդդիմություն է մյուս ընդդիմությանը: Ես ուզում եմ փարատել ձեր կասկածները: Մեր ելույթները ձեզ ուղղված չեն: Անտրամաբանական կլինի, որ ձեզ ուղղենք: Դուք ունեք ԱԺ փոխխոսնակի թեկնածու, հետևաբար նրանք եք ընտրելու: Մեր ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որն այդ պաշտոնի համար չունի թեկնածու»,-ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ իրենք կռիվ չեն տալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դեմ: «Մենք ձեզ հետ կռիվ չենք տվել: Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք մտնում եք այդ կռվի արանքը»,-նշեց Մարուքյանը:

Նա նկատեց, որ մեկ փոխխոսնակի թեկնածու ունենալու համար ԲՀԿ-ի հետ բանակցել են միայն հրապարակային ելույթներով: Էդմոն Մարուքյանը շեշտեց` եթե ուզում են ունենալ ընդդիմադիր փոխխոսնակ, ուրեմն պետք է ընտրեն Մանե Թանդիլյանին:

«Մանե Թանդիլյանի առաջադրումը արհեստական չի եղել, որ դեբատ ստեղծենք: Մենք նրան առաջադրել ենք ռեալ: Այն վիճակը չէ, որ թեկնածուներին «կրեդիտ»-ով ընտրենք: Պետք է նայենք կուսակցության անցած ուղին: Սա մեր մոտեցումն է: Ես մտավախություն ունեմ, որ եթե մեր տարբերակը չհաղթահարի այդ արգելապատնեշները, որ այսօր այստեղ ստեղծված են, մենք կարող է չունենանք ԱԺ-ի ընդդիմադիր փոխխոսնակ»-նշեց Մարուքյանը:

Նա նաև շեշտեց, որ իրավիճակի սրման պարագայում անգամ չպետք է անձնական որևէ բան փնտրել:

«Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 3 քաղաքական ուժեր. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am